Երևանում տեղի ունեցան հայ-ճապոնական երկկողմ քաղաքական խորհրդատվություններ

PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մասարու Վատանաբեն:

Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ` իրավապայմանագրային դաշտի զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, տնտեսական համագործակցության, առևտրատնտեսական կապերի խրախուսման, մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին: Ճապոնացի դիվանագետների խնդրանքով ներկայացվեցին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ճապոնական կողմը հայտնեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Խորհրդատվությունների ավարտից հետո Ճապոնիայի պատվիրակության ղեկավարը ԱԳՆ դիվանագիտական դպրոցում հանդես եկավ «Արևելյան Ասիան և Ճապոնիան» թեմայով դասախոսությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---