WikiLeaks. ՆԱՏՕ-ն պլան է նախապատրաստել Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայից պաշտպանվելու համար

WikiLeaks. ՆԱՏՕ-ն պլան է նախապատրաստել Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայից պաշտպանվելու համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին WikiLeaks կայքը համաշխարհային առաջատար ԶԼՄ-ներին հանձնեց ԱՄՆ Պետքարտուղարության ավելի քան 250 հազար նամակներ` հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների ծառայողական և գաղտնի գրությունները: Հրապարակված տեղեկատվության հերթական բաժնում ասվում է այն մասին, որ այս տարի ՆԱՏՕ-ն բալթյան պետությունների և Լեհաստանի պաշտպանության պլան է նախապատրաստել Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում: Բրիտանական The Guardian թերթը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ստորագրված գաղտնի հեռագրի, ինչպես նաև Բրյուսելում ՆԱՏՕ-ի ամերիկյան առաքելության փաստաթղթերի բովանդակությունը: Բրյուսելից գաղտնի հեռագրում հաղորդվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ամերիկյան ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի առաջարկի մասին` Լեհաստանի Eagle Guardian պաշտպանության պլանը տարածել նաև Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վրա:

Այդ պետությունների վրա զինված հարձակման դեպքում կառաջադրվեն ՆԱՏՕ-ի ինը դիվիզիաներ` ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Գերմանիայից և Լեհաստանից: Ընդ որում` Գերմանիայի և Լեհաստանի հյուսիսի նավահանգիստները պետք է ընդունեն ծովային հետևակազորը, ինչպես նաև ամերիկյան և բրիտանական ռազմանավերը:

Հրատարակությունը գրում է, որ ռուսական ագրեսիային հնարավոր արձագանքի պլան մշակելու որոշումն ընդունվեց այս տարի ԱՄՆ և Գերմանիայի պնդմամբ, և այն «վերջ դրեց երկար տարիներ շարունակվող վեճերին այն մասին, թե ինչպես դիտարկել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը»:

Ընդ որում` ինչպես նշում է բրիտանական թերթը, ԱՄՆ Պետքարտուղարությունը մտավախություն ունի, որ ՆԱՏՕ-ի այդ նոր ռազմավարության մասին տեղեկատվության հայտնվելը կարող է «անհարկի բարդությունների» հանգեցնել Ռուսաստանի հետ Վաշինգտոնի հարաբերություններում: Հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման հայտարարել են երկկողմ կապերի «վերաբեռնավորման» մասին, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---