«Ժառանգություն». Հին Ջուղայի դեմ իրագործված պետական ահաբեկչությունը տակավին մնում է չպատժված

«Ժառանգություն». Հին Ջուղայի դեմ իրագործված պետական ահաբեկչությունը տակավին մնում է չպատժված

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է համաշխարհային մշակութային ժառանգությանը պատկանող Հին Ջուղայի միջնադարյան գերեզմանատան խաչքարերի ոչնչացման 5-րդ տարելիցը: 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ադրբեջանական պետության կողմից կազմակերպվեց և զինվորական ստորաբաժանումների ձեռքով օրը ցերեկով վերջնականապես իրագործվեց հայկական պատմական բնօրաններից մեկի` Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանոցի շուրջ 5000 խաչքարերի բազմափուլ փոշիացումը: Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում:

«Թալիբանավայել այս ոճրագործությունը պատահական բարբարոսություն չէր, այլ պետականորեն հովանավորված մշակութային ահաբեկչություն` ցեղասպանություն և վանդալիզմ: Հայկական հինավուրց քաղաքակրթության հանդեպ իրագործված այդ հակամարդկային արշավի վերջին արարը ակնհայտորեն նպատակ էր հետապնդում ջնջել Նախիջևանի հայկական պատկանելության հետքերը:

Դեռևս 2005թ. դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 60-ամյակի առթիվ այդ երկրի նախագահն իր գիտնականներին և գիտական հաստատություններին կոչ արեց միջազգային հանրությանն «ապացուցել» Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ արցախահայության պատմական իրավունքների բացակայությունը և հիմնավորել իր այն թեզը, թե «հայերը, լինելով հյուրեր ու Ղարաբաղում հայտնվելով 19-րդ դարի 70-ականներին, Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ պատմական իրավունքներ չունեն»:

«Եթե Ադրբեջանի նախագահի կողմից առատաձեռն սուբսիդավորված խոշորամասշտաբ քարոզչական ծրագրերին լծված «գիտնականները» Արցախի պարագայում հարկադրված էին բավարարվել սոսկ օտար լեզվով պատմության կեղծարարությամբ, քանի որ արցախահայությունը Լեռնային Ղարաբաղից կտրել էր եղերածին ադրբեջանական պետության ոտքը, ապա Նախիջևանում պահպանված հայկական մշակութային ժառանգությունը ապտակ էր ալիևյան կեղծ պատմագրությանը և առ ոչինչ էր դարձնում ծախսվելիք միլիոնավոր նավթադոլարները: Եւ այդ ստոր նպատակի համար գործի դրվեց ագրեսոր պետության բանակն ու մեկ առ մեկ սպանվեցին խաչքարերը` գերեզմանոցի տեղում հիմնելով ռազմական պոլիգոն:

Իր այդ արարքով Ադրբեջանի ղեկավարությունը վերահաստատեց, որ այդ պետությունը շարունակում է իրենից վտանգ ներկայացնել ոչ միայն հայերի, այլև քաղաքակրթության համար, որ իրենց համար «անցանկալի անձ» (persona non grata) են ոչ միայն հայերը և առաջին հերթին` արցախահայությունը, այլև նրանց գերեզմաններն ու պատմությունն ընդհանրապես: 2007 թվականից ի վեր, երբ «Ժառանգություն» կուսակցությունը մտավ խորհրդարան, իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը և Ստեփան Սաֆարյանը բազմիցս բարձրաձայնել են Հին Ջուղայում կատարված այս հանցագործության մասին ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովների ու միջազգային այլ ամբիոններից, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի առջև` պնդելով տարածաշրջան միջազգային համապատասխան փաստահավաք խմբի գործուղման անհրաժեշտության մասին:

Եթե դա լիներ սեմիտական կամ հարանվանական այլ գերեզմանոց, աշխարհն իրավացիորեն կվրդովվեր, և հարցը կդրվեր ցանկացած ֆորումի ու վեհաժողովի օրակարգում: Սակայն պետական այդ ահաբեկչությունը ոչ միայն քննարկման առարկա չդարձավ միջազգային կառույցներում ու չդատապարտվեց, այլև հանդուրժվեց ու անտեսվեց այն, որ 2007թ.-ից ի վեր Ադրբեջանը խափանում և արգելում է ԵԽԽՎ-ի և անգամ UNECO-ի կողմից նշանակված զեկուցողի մուտքը Նախիջևան:

Աշխարհը պետք է վերջապես ՈՉ ասի այն պետություններին, որոնք իրականացնում են մարդկային, ազգային ու մշակութային ցեղասպանություններ, և ապա ժխտում դրանք։ Ադրբեջան պետությունն ու նրա ղեկավարությունը պետք է պատասխանատվության կանչվեն ոչ միայն ադրբեջանահայության ու արցախահայության հանդեպ իրականացրած ցեղասպանության, այլ նաև այս մի ամբողջ քաղաքակրթության ցեղասպանության համար:

Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու պատկան մարմինները պետք է հասնեն միջազգային արդարադատության և միջազգային օրենքի համահավասար կիրառության, ի թիվս այլոց նաև հանուն հայկական մշակութային ժառանգության պաշտպանության:

Արդ, որպեսզի հայ ժողովրդի հանդեպ մարդկային, ազգային ու մշակութային ցեղասպանություններն այլևս երբեք չկրկնվեն, միջազգային հանրությունը, այդ թվում Հայաստանը, իբրև առաջին քայլ պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դրան պետք է հաջորդի Նախիջևանի վերադարձը տուն` հայրենի բնօրրանի օրինական կազմ: Այս ամենի հիմքն ու խարիսխը ուժեղ, արդար և իրավական Հայաստանի Հանրապետությունն է»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---