2010-ին Հայաստանն ակտիվ մասնակցել է ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների գործունեությանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը լիակատար ըմբռնում և աջակցություն ստացավ միջազգային հանրության կողմից: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ:

Շարունակվել են նպատակաուղղված քայլերը ասիական երկրների, մասնավորապես` Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Տարվա ընթացքում ակտիվ քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ջանքեր են գործադրվել լատինաամերիկյան երկրների հետ համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ: Այդ մասին ասվում էՀայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ընթացող համագործակցության մեջ, Երևանում և Սևանում կայացել են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումները:

Հայաստանը ինտենսիվորեն մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության և ԵՎՐԱԶԵՍ-ի գործունեությանը, և այդ կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին:

Հաջողությամբ իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Հայաստանը շարունակել է իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին:

Շարունակվել է մասնակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը, ակտիվ ներգրավվածությունը ահաբեկչության և այլ մարտահրավերների դեմ միջազգային հանրության պայքարում:

Հարավային Կովկասում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսացել է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանը ջանքեր է գործադրել կայուն և անվտանգ տարածաշրջանի կայացման գործում:

Արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը շարունակել է կարևոր տեղ զբաղեցնել մեր օրակարգում` ինչպես առանձին երկրների հետ երկկողմ, այնպես էլ` միջազգային կառույցների և ֆինանսական ինստիտուտների հետ բազմակողմ դիվանագիտության հարթություններում: Տասնյակ երկրների հետ միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքների շարունակման արդյունքում ձեռք են բերվել տնտեսական հետագա համագործակցության ծավալման պայմանավորվածություններ, նախանշվել են նոր ծրագրեր:

Շարունակվել է միջազգային համագործակցությունը մշակութային և կրթական ոլորտներում:

Արտգործնախարարությունն իր աջակցություն է բերել Հայաստանի այլ պետական կառույցներին` արտաքին կապերի զարգացման գործում:

Տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ, քաղաքական խորհրդատվություններ, հանդիպումներ և միջոցառումներ միջպետական, միջգերատեսչական և ապակենտրոնացված մակարդակներով, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, կնքվել են շուրջ յոթանասուն միջազգային պայմանագրեր, որոնք լավ հիմք կարող են հանդիսանալ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

Արտաքին քաղաքականության օրակարգում էր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ շուրջ չորս տասնյակ երկրներում անց են կացվել միջոցառումներ, որոնց իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները:

2010 թ. բացվեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, որը շուտով կտա իր առաջին շրջանավարտներին: և արդեն հայտարարվել է երկրորդ ընդունելությունը:

Փոփոխության ենթարկվեց Դիվանագիտական ծառայության մասին օրենքը, նախարարությունում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ:

Անցած տարի 7 երկրներում բացվեցին ՀՀ դեսպանություններ (Քուվեյթ, Չեխիա, Իսպանիա Ճապոնիա, Բրազիլիա, Իրաք, Նիդեռլանդներ):

Շարունակվել են աշխատանքները միջազգային հանրային կարծիքի ձևավորման ուղղությամբ: ՀՀ Նախագահն ու արտգործնախարարը ելույթներ են ունեցել աշխարհի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում, հարցազրույցներ են տվել միջազգային առաջատար լրատվամիջոցներին:

Հանրապետության նախագահը կատարել է 22 օտարերկյա այց, Հայաստան է ժամանել այլ երկրների 6 ղեկավար: ԱԺ նախագահը 9 այցելություններ է կատարել արտերկիր: Վարչապետը 8 օտարերկրյա այցելություններ է ունեցել, Հայաստան է այցելել օտարերկրյա 3 կառավարության ղեկավար, ԱԳ նախարարը 24 այցելություն է կատարել, Երևան է ժամանել 14 երկրի արտգործնախարար և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավար:

Ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ միջազգային ասպարեզում Հայաստանը շարունակեց իր դիրքերի ամրապնդումը որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---