ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում Հայաստանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը

ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում Հայաստանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը

PanARMENIAN.Net - Ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք: «Նախագահների մակարդակով այս պետական այցը մեր երկկողմ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու և նոր մակարդակի տեղափոխելու փոխադարձ շահագրգռվածության վառ վկայությունն է»,-հայտարարել է ՀՀ նախագահն ընթրիքի ժամանակ՝ վստահություն հայտնելով, որ այցը հիմք կհանդիսանա բազմաոլորտ համագործակցության դինամիկ զարգացման համար:

ՀՀ նախագահը նշել է, որ հայ և հույն ժողովուրդները կապված են բազմաթիվ թելերով, որ հյուսվել են վաղնջական ժամանակաշրջաններից: Հին հույն պատմիչներ Քսենոփոնի, Հերոդոտոսի և այլոց երկերում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Հայաստանի ու հայերի մասին։

Հունահայ գաղութի պատմությունը սկիզբ է առնում դեռ 5-րդ դարից։ Բյուզանդական շրջանում հայերը մեծ կշիռ են ունեցել կայսրության քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում։

Ձևավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության: Դա հատկապես դրսևորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909թ. Ադանայի կոտորածներից, 1915թ. Հայոց ցեղասպանությունից և 1922թ. Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի: Նրանց ժառանգներն ապահով ապրում են այստեղ, հունական հյուրընկալ հողում, և իրենց աշխատանքով հարստացնում ձեր երկիրը՝ միաժամանակ յուրատեսակ կամուրջ ծառայելով Հունաստանի և Հայաստանի միջև:

Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների հարաբերություններն անցան նոր մակարդակ: Մենք սերտ համագործակցություն ենք ծավալում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և ապակենտրոնացված մակարդակով, ասել է ՀՀ նախագահը։

«Մենք կիսում ենք համամարդկային միևնույն արժեքները` ձգտելով միջազգային անվտանգության ու խաղաղության, հավատալով հանդուրժողականության ուժին։ Եվրոպական այդ արժեքների մասին մտորումներն ակամայից տանում են դեպի հին Հունաստան, որտեղ ծագել է այդ արժեքների հիմքը հանդիսացող «դեմոկրատիա» երևույթը և բառն ինքնին։

Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանն ու Հունաստանը բարեփոխում և զարգացնում են իրենց տնտեսական համակարգերը, միասնաբար աշխատում եվրոպական մայրցամաքում անվտանգության ամրապնդման, խաղաղության ու բարգավաճման գոտի ստեղծելու ուղղությամբ:

Որպես ԵՄ անդամ, Հունաստանը ակտիվորեն մասնակցում է Արևելյան Գործընկերության նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը: Հայաստանի և ԵՄ-ի միջև փոխգործակցությունը խթանելու հարցում, իհարկե, ակնկալում ենք բարեկամ Հունաստանի աջակցությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---