Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ժողովրդավարությունը կարող է գործուն ուղենիշ դառնալ Հայաստանի համար

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ժողովրդավարությունը կարող է գործուն ուղենիշ դառնալ Հայաստանի համար

PanARMENIAN.Net - «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է վայր դնի իր լիազորությունները եւ վերջապես վերահսկի 1991 թվականից` Հայաստանի անկախության հռչակումից ի վեր անցած ողջ ժամանակաշրջանում առաջին ազատ ընտրությունների անցկացումը»,-ասվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Հայաստանի ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի Foreign Policy Journal-ում հրապարակված հոդվածում: «Ազգը, որ նա ձգտում է ներկայացնել, արժանի է առնվազն դրան»,-ասվում է հոդվածում: Ըստ Հովհաննսիյանի, ժողովրդավարությունը պետք է դառնա հայկական ուղենիշ եւ ոչ թե նշանաբան` «նետված» արեւմտյան «գործընկերներին:

«Սարգսյանի թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլը նույնպես վատ անձնավորություն չէ, սակայն նա շարունակում է ներկայացնել ժխտողական մի իշխանակարգ, որը պարտակում է Հրանտ Դինքի նման լրագրողների սպանությունը, «խեղդում» իր փոքրամասնություններին, ինչպեսեւ իրավահաջորդն է Օսմանյան կայսրության, որն իրագործեց հայ ժողովրդի Ցեղասպանությունը` հայրենազրկելով եւ պոկելով նրան պապենական արմատից: Սրա ամենաթարմ ապացույցը Ստրասբուրգում` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Գյուլի ու նրա շատ խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին ելույթներն են, ինչպեսեւ հենց Աուշվիցում Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դրսեւորած ամբարտավան պահվածքը: Արդի Թուրքիան պետք է առերեսվի պատմության ու ինքն իր հետ, ճանաչի Մեծ եղեռնը եւ վերջ դնի Արեւմտյան Հայաստանի անօրինական ու անմարդկային բռնազավթմանը»,-ասվում է հոդվածում:

«Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդքան էլ լավը չէ, սակայն ավելի ազնիվ է ավտորիտարի եւ բռնազավթչի իր վարքագծում: Լեռնային Ղարաբաղը` կամ Արցախը, հայկական հող է, եւ երկու տասնամյակ առաջ Ալիեւի նախնիների սանձազերծած նախահարձակ պատերազմում ադրբեջանցիները կորցրին այն, ինչը երբեւիցե չէին էլ ունեցել եւ դրանից երբեւէ ոչինչ` բացառությամբ բարիդրացիության, չեն տեսնելու: Ալիեւն ինքն իրեն եւ մարդկությանը շատ մեծ լավություն կանի, եթե հարգի իր քաղաքացիների իրավունքները, օրինական տերերին վերադարձնի հայկական բնօրրանները` ներառյալ Շահումյանն ու Նախիջեւանը, որոնք դեռ ադրբեջանական բռնազավթման տակ են, եւ լիիրավ փոխհատուցի հարյուր հազարավոր հայերին, լեզգիներին, թալիշներին, թաթերին եւ ազգային այլ փոքրամասնություններին, որոնց նա` իր յուրայիններով, փորձել է ոչնչացնել»,-գրում է Հովհաննիսյանը:

«Եթե միջազգային օրենքը, ինքնորոշումը, ապագաղութացումը եւ տարրական ազատությունը պետք է ճշմարիտ, ոչ թե հռետորական կարեւորություն ունենան արդի աշխարհի կյանքում ու զարգացման մեջ, ապա այդ աշխարհը պետք է կառավարվի հավասարապես երաշխավորված իրավունքներով: Լեռնային Ղարաբաղը` Կոսովոյի ու Աբխազիայի հանգույն, լակմուսի առաջատար փորձաքննություն է, հետեւաբար դե յուրե եւ առանց խտրականության պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից: Ո՞վ կլինի առաջինը, որ միանգամից կճանաչի բոլոր երեքին եւ այդպիսով ցույց կտա, որ այսօրվա համամոլորակային գործերում օրենքի ու իրավունքների արժեքն ավելին է, քան մեկ դոլարը:

Վրաստանի մարդը` Միխայիլ Սահակաշվիլին, Արեւմուտքում մեծարվում է, իսկ Արեւելքում` այպանվում: Նա իր հայրենիքին բերել է իրապես իմաստալից որոշ փոփոխություններ եւ վայելում է պատշաճ հարգանք: Սակայն միեւնույն ժամանակ շարունակում է ոտնահարել բոլորին որպես հայկական Ջավախք հայտնի շրջանի էթնիկ, կրոնական եւ լեզվական իրավունքները: Նա պետք է վերաբացահայտի իր ժողովրդավար մոտեցումը եւ հրաժարվի այլատյաց ու նախապաշարված քաղաքականության կիրառումից:

Ռուսաստանի առաջնորդները նույնպես պետք է ներգրավված լինեն այս գործընթացում եւ, ի վերջո, ճանաչեն «ռազմավարական դաշնակցի» հիմնարար իրավունքները: Ժամանակն է վերջ տալ կայսերապաշտական ծրագրին, եթե նույնիսկ այն «փափուկ» տեսակից է, որի նպատակն է վերահսկողություն սահմանել Հայաստանի նկատմամբ` իբրեւ իր ավանդական եւ աստվածատուր «ֆորպոստի»,-ասվում է Հովհաննիսյանի հոդվածում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---