«Ժառանգություն». Արցախը երբեք ու որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը Սումգայիթյան ցեղասպանության 23-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «1988-ին իր ինքնորոշման և անվտանգության համար ոտքի ելած Արցախի ժողովրդի խաղաղ ու օրինական պայքարն օգտագործելով որպես պատրվակ, ադրբեջանական խորհրդային վարչակարգը կազմակերպեց և իրագործեց հայազգի քաղաքացիների ֆիզիկական բնաջնջման մի սահմռկեցուցիչ գործողություն, որի հետևանքով զոհվեցին կամ հաշմվեցին հարյուրավոր հայեր, տասնյակ հազարավորները բռնագաղթվեցին Հայաստան և նախկին ԽՍՀՄ այլ վայրեր: Սումգայիթյան ոճրագործությունը շարունակությունն էր ստալինյան ապօրինի որոշմամբ` իրենց տարածքներով հանդերձ, խորհրդային Ադրբեջանի կազմում հայտնված հայ ազգաբնակչության նկատմամբ Բաքվի կողմից հետևողականորեն իրականացված հալածանքների, էթնիկ զտումների քաղաքականության, որը հինավուրց հայկական Նախիջևանում հանգեցրեց լիակատար հայաթափության, իսկ Արցախում հայ մեծամասնության տեսակարար կշռի սրընթաց անկման: Մյուս կողմից` այն նշանավորեց տևական ցեղասպանության սկիզբը, որը զանգվածային սպանդի ու արտաքսման ահասարսուռ ճիրանների մեջ առավ հարյուր հազարավոր հայերի Ադրբեջանի ողջ տարածքում` Բաքվից մինչև հայկական Գանձակ:

Սումգայիթով և Արցախի դեմ իրագործած ռազմական ագրեսիայով արդեն անկախացած Ադրբեջանը ևս մեկ անգամ ցուցադրեց իր եղեռնածին բնույթը և ապացուցեց, որ Արցախը երբեք ու որևէ կարգավիճակով չի կարող լինել այդ երկրի կազմում, քանի որ դա ուղղակիորեն կվտանգի հայ բնակչության անվտանգությունը: Սեփական քաղաքացիների խնդիրների լուծումն ու իրավունքների իրացումը վերջինների ֆիզիկական ոչնչացման և բռնի տեղահանման ձևով պատկերացնող պետությունն իրավունք չունի հավակնելու Արցախի հանդեպ գերիշխանության:

Իսկ Արցախի ժողովրդին ադրբեջանական ագրեսիայի դեմ հանդիման թողած միջազգային հանրությունը և, մասնավորապես, գերտերությունները որևէ իրավունք չունեն այսօր պահանջելու Արցախից զիջել ինքնապաշտպանական պատերազմում նվաճած քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ պարտավոր են ճանաչել և ամրագրել դրանք` միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---