Հայաստանի նախագահը մտադիր է ակտիվորեն մասնակցել ոստիկանության համակարգի բարեփոխումներին

Հայաստանի նախագահը մտադիր է ակտիվորեն մասնակցել ոստիկանության համակարգի բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը մարտի 14-ին մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որի ընթացքում, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ-ում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի ապահովման վիճակի մասին, իսկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը զեկուցել է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:

Ներկայացված հաշվետվությունների կապակցությամբ Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բարեփոխումների տեմպին, իրականացվող քայլերի արագությանը և, անշուշտ, շոշափելի արդյունքների ձեռքբերմանը: «Բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ, բայց ժամանակն է արդեն տեսանելի լուրջ արդյունքներ ունենալ գործնական հարթությունում, կյանքում, որպեսզի և՛ մենք տեսնենք, և՛ դուք տեսնեք, և՛ մեր հասարակությունը տեսնի:

Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին: Պատրաստվում եմ ամենօրյա ռեժիմով աջակցել փոփոխություններին խոչընդոտող խնդիրների լուծմանը, սատարել դրական զարգացումներին, կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ և գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը: Միասին մենք ավելի ակտիվ գործելու ենք նոր հնարավորությունների ստեղծման, միջոցների հայթայթման, տեխնիկական հագեցվածության բարձրացման, պրոֆեսիոնալ խմբերի ավելի արագ կայացման և այլ ուղղություններով»,-նշել է նախագահը: Նախագահը նշել է, որ ավելի խսիտ է լինելու անընդունելի երևույթների հանդեպ` կաշառակերությունից, այսպես կոչված «բարձր հովանավորությունների ինստիտուտից» մինչև ոչ հարիր վարքագիծ և պաշտոնեական դիրքի չարաշահում:

«Յոթերորդ, այս և մյուս խնդիրների լուծումը ենթադրում է ոչ միայն օրենքների և ընթացակարգերի հետագա կատարելագործում, այլև ոստիկանների ունակությունների, նրանց պրոֆեսիոնալ կարողությունների հետևողական և անընդհատ զարգացում: Մեզ ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն: Պետք չեն ո՛չ համակարգին, ո՛չ հասարակությանը: Որևէ մեկին պետք չեն: Նրանք, ովքեր չեն կարողանում կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները, լավ կլինի, որպեսզի մտածեն այլ աշխատանքի անցնելու մասին, որովհետև եթե մարդը կրում է գեներալի, գնդապետի, փոխգնդապետի և, ընդհանրապես, ոստիկանության սպայի ուսադիրներ, այդ մարդը պետք է լավ իմանա, բացի դրանից այդ գործը պետք է սիրի և իր պատիվը միշտ պետք է չափվի ոչ միայն իր ուսադիրներով, այլ նաև կրծքին եղած նշաններով: Սա՛ է մասնագիտական մոտեցումն այս հարցում:

Ուզում եմ, որ գիտակցեք ձեր բացառիկ դերը: Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր հայաստանցի ոստիկանին ընկալելու է որպես պետության ու պետականության, ապահովության ու բարեկեցիկ կյանքի, ուժի ու արդարության, իրավունքի ու օրինականության խորհրդանիշ, մարդու իրավունքների պաշտպան: Ձեր ուսերին մեծ բեռ է դրված: Այդ բեռը հաճախ ծանրանում է: Ես այդ մասին շատ լավ գիտեմ և ոչ միայն ուրիշների պատմելով: Գիտեք, այս համակարգում ես աշխատել եմ և գիտեմ, թե ի՞նչ է նշանակում ժամանակ առ ժամանակ ոստիկանության ուսերին ընկող բեռը: Շատ լավ գիտակցում եմ: Երբեմն կքել եք այդ ծանրության տակ, սակայն երբեք չեք կոտրվել դժվարության բեռից: Սա շատ կարևոր հանգամանք է: Կատարել եք ձեր կարևոր գործը պարտքի գիտակցությամբ: Հավատացեք, իրոք, սա շատ մեծ առաքելություն է: Սխալներ կատարելու իրավունք յուրաքանչյուր ոք ունի, այդ իրավունքն ունեք նաև դուք: Չգործելու իրավունք ունեն շատ-շատերը: Դուք այդ իրավունքը չունեք: Ուրեմն պարտավոր եք կրճատել սխալները և քայլ առ քայլ հետևողականորեն առաջ շարժվել:

Ավելի վատ օրինակներ բերեմ. ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն` ո՛վ է կատարել մարդասպանությունը, և ոստիկաններն այդ գործը շրջում են այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, և իրական հանցագործությունը մնում է դրսում: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այդպիսի ոստիկանին, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ ամբողջ համակարգին: Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք և ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը»,- ասել է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---