Էդուարդ Շարմազանով. Բաքուն փորձում է խափանել Կազանում նախատեսված եռանախագահների հանդիպումը

Էդուարդ Շարմազանով. Բաքուն փորձում  է խափանել Կազանում նախատեսված եռանախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը փաստացի մերժեց եւ արհամարեց երեկ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչը համաձայնություն տալ բանակցային սեղանին գտնվող մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակին», - ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, մեկնաբաներով Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածված արձագանքը Դովիլում երեկ ընդունված եռանախագահների հայտարարությանը, որտեղ կոչ էր արվում հունիսին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն տալ արցախյան հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին:

Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ հստակ իր պատասխանը տվել է համանախագահների առաջարկություններին, այն ինչ Ադրբեջանը, փորձում է խուսանավել՝ դրանով, ինչպես նաեւ այլ ապակառուցողական քայլերով, փակուղի մտցնել բանակցությունները:

Շարմազանովը նշեց նաեւ, որ նման քայլով Ադրբեջանը փորձում է խափանել Կազանում նախատեսված եռանախագահների հանդիպումը:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը

պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ձևական ընդունումը, աջակցություն ցուցաբերել հաշտության պայմանագրի մշակմանը և ապա օժանդակել դրա կատարումը մեր միջազգային գործընկերների հետ համատեղ»,- նշվում է հայտարարության մեջ:

«Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է խաղաղության, կայունության և հաշտության հանգեցնել` հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ: Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը «համոզված են, որ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը քայլ կատարեն դեպի խաղաղ կարգավորումը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ դիմակայության և անկայունության ներկայիս իրադրության ստեղծմանը հանգեցրել է ուժի կիրառումը: «Դրա կրկնակի կիրառումը միայն նոր տառապանքներ և սնանկություն կբերի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ ենք տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- նշել են նախագահները:

Նրանք արձանագրել են, որ «երկու կողմից, ինչպես նաև բոլոր մակարդակներում գործադրված ջանքերի արդյունքում համանախագահ երկրները զգալի առաջընթացի են հասել»: «Մարտի 5-ին Սոչիում քննարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակն արդար և հավասարակշռված հիմք է դնում համապարփակ հաշտության պայմանագիր պատրաստելու համար»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ: Համանախագահների կարծիքով, այդ փաստաթուղթը «կողմերին հնարավորություն է ընձեռում հաղթահարելու ներկայիս անհաղթահարելի իրադրությունը»:

«Կարծում եմ, ինչպես միջոնրդները, այնպես էլ միջազգային հանրությունը, համապատասխան հետեւություններ կանեն Ադրբեջանի նման անպատասխանատու վարքագծի կապակցությամբ», – եզրափակեց պատգամավորը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---