Մասիս Մայիլյանը չի հավատում Կազանում կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը

Մասիս Մայիլյանը չի հավատում Կազանում կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը բարդ է համարում Կազանում արցախյան հիմնախնդրի հարցում հիմնարար սկզբունքների վրա համաձայնություն ձեռք բերելը: «Ինչ վերաբերվում է Կազանում կայանալիք հանդիպմանը, ապա ուշադրություն դարձնելով հակամարտող կողմերի հայտարարված մոտեցումներին, հիմնարար սկզբունքների և փոխզիջումային որոշման հիման վրա համաձայնության հասնելը չափազանց բարդ խնդիր է: Դրա համար օբյեկտիվ նախադրյալներ կան: Ներկա պայմաններում այսպես կոչված հիմնարար սկզբունքները կարող են ստորագրվել ուժեղ միջազգային ճնշման տակ»,- PanARMENIAN.Net գործակալությանը հայտարարել է Մայիլյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները փորձում են Ղարաբաղի օրինակով ապացուցել հնացած Հելսինկյան սկզբունքների կենսունակությունը, «որոնք իրենց համանախագահ երկրները վերջին տարիներին, մեղմ ասած, շրջանցել են»: Նա նշել է, որ հիմա առկա են նոր նախադեպեր և նոր միջազգային իրավական իրողություններ, որոնք պետք է հաշվի առնվեն միջնորդների կողմից արցախյան կարգավորման մեջ:

Մայիլյանը նաև մեկնաբանել է ԵՀԱԿ ՄԽ համանախագահների զրույցը լրագրողների հետ Ստեփանակերտ մեկնելուց առաջ : Նրա կարծիքով, միջնորդների հայտարարությունները երկու հիմնական ուղերձ են պարունակել` ուժային մեթոդներով խնդրի լուծման անընդունելիություն և Մադրիդյան սկզբունքների շուտափույթ համաձայնեցում և ստորագրում: «Ասյպիսով, համանախագահները կրկնել են իրենց նախագահների դիրքորոշումը, որը վերջերս հնչել է Դովիլում»,- ասել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---