Կիրո Մանոյան. Երևանն ու Բաքուն բացասական պատասխան են տվել Ղարաբաղի վերաբերյալ Մեդվեդևի առաջարկներին

Կիրո Մանոյան. Երևանն ու Բաքուն բացասական պատասխան են տվել Ղարաբաղի վերաբերյալ Մեդվեդևի առաջարկներին

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս, համենայնդեպս, առաջիկա ընտրություններից առաջ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափը չի փոխվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, ձևաչափի փոփոխությունը կարող է տեղ գտնել միայն եթե Ստեփանակերտը բանակցությունների կողմ դառնա:

Ինչ վերաբերում է մինչև տարվա վերջ հակամարտության կարգավորման մեջ հնարավոր առաջընթացին, Մանոյանը միջնորդների ակնկալիքներն առայժմ անհիմն է անվանել, ինչը, նրա համոզմամբ, պայմանավորված է բացառապես Բաքվի դիրքորոշմամբ: Մինչդեռ միջնորդները ձգտում են նվազեցնել ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման ռիսկը, ինչը, գտնում է Հայ դատի գրասենյակի ղեկավարը, ներկա պահին առանձնապես մեծ չէ:

Ղարաբաղյան գործընթացի առնչությամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկների և դրանց պաշտոնական Բաքվի ու Երևանի պատասխանների առնչությամբ Կիրո Մանոյանը գտնում է, որ կողմերն այդ առաջարկներին բացասական պատասխան են տվել:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---