Թուրքիան կվերադարձնի հայ համայնքին անապատի մի ավազահատիկը միայն, հայտարարել է Արտակ Շաքարյանը

PanARMENIAN.Net - Թուրքիան կվերադարձնի հայ համայնքին անապատի մի ավազահատիկը, հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ մեկնաբանելով թուրքական կառավարության որոշումը 1936-74թթ. բռնագրավված ազգային փոքրամասնությունների գույքը համայնքներին վերադարձնելու մասին: Նա նշել է, որ հայ համայնքին կվերադարձվի Ստամբուլում և արվարձաններում գտնվող գույքը: Ըստ նրա, խոսքը չի գնում Ցեղասպանության տարիներին կորցրած կամ Ցեղասպանությունից հետո ֆիզիկական անձանցից բռնագրավված գույքի մասին»,-հայտարարել է Շաքարյանը: Նա նշել է, որ կառավարության որոշումն ամեն դեպքում առաջընթաց է, «սակայն, չի կարելի սրանով հանգստանալ»: Շաքարյանը Թուրքիայի նման որոշումը բացատրել է եվրոպական դատարանում ազգային համայնքների կողմից ներկայացված հայցերով:

Իր հերթին թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշել է, որ համայնքներին վերադարձվելիք գույքը ձեռքից ձեռք է անցել և այսօր շատ դեպքերում պարզ չէ, թե ում է պատկանում, և, հավանաբար, կառավարությունը ֆինանսապես կփոխհատուցի գույքի արժեքը: «Պարզ չէ նաև, թե հատկապես ում է վերադարձվելու գույքը, կամ ով է այն կառավարելու, քանի որ նույնիսկ հունական պատրիարքարանը, որն ամենից շատ կստանա, Թուրքիայում իրավաբանական կարգավիճակ չունի»,-հայտարարել է թուրքագետը: Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռչակագիր ստորագրեց քրիստոնեական ու հրեական եկեղեցիների 1930թ. հետո բռնազավթված գույքը վերադարձնելու մասին: Ըստ փաստաթղթի, կվերադարձվեն հոսպիտալները, մանկատների կամ դպրոցների շենքերն ու գերեզմանոցների տարածքները: Ըստ պատմական տեղեկությունների, շուրջ 2000 հայկական եկեղեցիներից, որ գործում էին Թուրքիայի տարածքում մինչև 1915թ., այսօր գործում է շուրջ 50-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---