Գրիգոր Հարությունյան. 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը պետք է քվեարկել, ոչ թե քննարկել

PanARMENIAN.Net - Ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգին անցնելու հարցը պետք է ընդգրկել Ազգային Ժողովի օրակարգում, այլ ոչ թե քննարկել խորհրդարանական լսումներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մեջ մտնող Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: «Այդ հարցն արդեն բավականաչափ քննարկվել է»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» կողմից այդ գաղափարին օժանդակելուն, Հարությունյանը հիշեցրել է, որ ժամանակին Ընտրական օրենսգիրքն ընդունելիս այդ կուսակցությունը, չգիտես ինչու, չօժանդակեց ընդդիմության առաջարկին: Նա նկատել է նաև, որ շատ հաճախ քաղաքական ուժերն ընտրություններից առաջ դառնում են ընդդիմադիր, և մտավախություն է հայտնել, որ հասարակությունը կարող է նոր «թատերականացված ներկայացման» ականատեսը դառնալ:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին ընդգծել է, որ որոշ ընդդիմադիր պատգամավորների և գործիչների հայտարարությունները «բացարձակ ճշմարտություն» չեն: Նա հավելել է նաև, որ ոչ մի վատ բան չի տեսնում խորհրդարանական լսումների գաղափարին «Բարգավաճ Հայաստանի» աջակցության մեջ:

Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից, որոնցից 41-ը ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական ընտրակարգով:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկին սատարեցին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը հաղորդեց նաև, որ այդ գաղափարին աջակցելու համար ծրագրում է խորհրդարանում համամասնական ընտրակարգին անցնելու հարցի քննարկման օրերին հանրահավաքներ անցկացնել:

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ՀՅ Դաշնակցության ու «Ժառանգության» հետ միասին դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---