ՀԱԿ. Համայնքի ղեկավարի ընտրությունները անցկացվել են Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով

ՀԱԿ. Համայնքի ղեկավարի ընտրությունները անցկացվել են Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնք բոլորն էլ անցկացվեցին Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումով: Այս մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: «Համաձայն օրենքի վերոհիշյալ դրույթի` «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»: Փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի այս իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը և ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար: Այս իրողությունը արձանագրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչների կողմից դեռ փետրվարի 11-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին տեղամասային հանձնաժողովներում տեղի ունեցած նիստերի ժամանակ, որի կապակցությամբ Սասուն Միքայելյանը դիմել է վարչական դատարան: Վարչական դատարանը անհեթեթ հիմնավորումներով մերժել է Սասուն Միքայելյանի հայցի բավարարումը, հղում կատարելով Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներին, մինչդեռ անցումային դրույթները որևէ կերպ չեն անդրադառնում 66-րդ հոդվածի 4-րդ կետում առկա իմպերատիվ բնույթ կրող պահանջների կատարման վրա»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Այսպիսով, հայտարարության հեղինակները նշում են, որ իշխանությունների կողմից կատարվել է հերթական ընտրագողությունը, աղավաղվել է ժողովրդի կամքի արտահայտությունը, ի չիք են դարձել ազատ, արդար և օրինական ընտրություններ անցկացնելու մասին խոստումները:

«Իշխանությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ չեն հարգել անգամ իրենց կողմից ընդունված անկատար Ընտրական օրենսգրքի դրույթները, երբ իրական վտանգ է ստեղծվում իրենց իշխանության վերարտադրման համար:

Հայ ԱզգայինԿոնգրեսը դատապարտում է հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում և պատժել ԿԸՀ-ի և ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին: Միևնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Սասուն Միքայելյանին և իր ընտրական թիմին, որը համախմբեց Հայաստանի և Հրազդան քաղաքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հասարակական և ընդդիմադիր քաղաքական ուժերին և նման համատարած ընտրակեղծարարության, պետական իշխանությունների կողմից ողջ վարչական ռեսուրսի կենտրոնացմանն ու գործադրման, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում, գործեց որպես հզոր թիմ, ապահովելով անգամ կեղծված տվյալներով աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը:

Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այս հանցագործությունից հետո իր աջակիցները և հասարակությունը առավել համախմբված կպայքարեն ընտրակեղծարարության վրա հիմնված ռեժիմի դեմ և, օգտագործելով համաժողովրդական Շարժման վերջին 4 տարվա ընթացքում ստեղծված արդյունավետ կառույցները և քաղաքացիական հասարակության ակտիվությունը, մոտ ապագայում վճռորոշ ձեռքբերումներ կգրանցեն ժողովրդավարության հաղթանակի ճանապարհին»,- նշված է հայտարարությունում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---