Ստեփան Սաֆարյանը մեղադրել է ԱԺ ղեկավարությանը նիստերի կանոնակարգը խախտելու մեջ

Ստեփան Սաֆարյանը մեղադրել է ԱԺ ղեկավարությանը նիստերի կանոնակարգը խախտելու մեջ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մեկնաբանել է այսօրվա քվեարկությունը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագծի» վերաբերյալ, մասնավորապես, ՀՀԿ վերցրած 20-րոպեանոց ընդմիջումը քվեարկությունից առաջ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց լրագրողներին, որ ընդմիջման պատճառը որոշ տարակարծություններն էին կոալիցիոն գործընկերների հետ այդ օրենքի շուրջ:

«Այսօր 20-րոպեանոց դադար հայտարարվեց ոչ թե տարակարծությունների, այլ քվորումի բացակայության պատճառով»,-հայտարարել է Ստեփան Սաֆարյանը PanARMENIAN.Net ին: Ըստ նրա, իշխանությունները տեսնելով, որ գրանցվել է միայն 81 պատգամավոր, վախեցան, որ եթե ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը, քվորում չի լինի: «Նրանց նպատակն էր նոր մարդկանց բերել, ոչ թե տարաձայնությունները հարթել»,-ասել է նա:

Սաֆարյանը նշել է, որ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները հայտնել են, որ նրանց ցուցում էր տրվել քվեարկել օրինագծի օգտին: «Մենք նախապես գիտեինք, որ ԲՀԿ-ն «կողմ» է քվեարկելու: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն «կողմ» քվեարկել, իսկ ՀՀԿ-ում պառակտում լինել: Դա անհեթեթություն է»,-նշել է նա:

Սաֆարյանը մասնավորապես քննադատել է խոսնակի գործողությունները, որն, ըստ նրա, խախտել է նիստերի վարման կանոնակարգը, փորձելով ապօրինաբար խոսք տալ փոխնախարարին ժամանակ ձգելու համար, և խոսք չտալ ընդդիմադիր պատգամավորներին՝ նիստի վարման վերաբերյալ դիտողությունների համար:

ՀՀ խորհրդարանն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը»: Երկար քաշքշուկից հետո, քվեարկության արդյունքում օրենքն ընդունվեց 67 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, իսկ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են և չեն մասնակցել քվեարկությանը: Քվեարկությունից անմիջապես հետո բոլոր պատգամավորները իշխող կոալիցիայից լքել են դահլիճը՝ առաջացնելով «Ժառանգության» խմբակցության պատգամավորների դժգոհությունը: Նրանք համարում են, որ դա հատուկ է արվել, որպեսզի հնարավոր չլինի համեմատել տաբլոյի ու դահլիճի արդյունքները: Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին խոսել ոչ թե ենթադրություններով, այլ կոնկրետ անուններ նշելով: Դրանից հետո պատգամավորներն անցել են օրակարգի մյուս հարցերին:

Քվեարկությունից առաջ մթնոլորտը բավականին լարված էր: «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը որոշել էր կանգնած հետևել մյուս պատգամավորների քվեարկությանը, որպեսզի մեկը մյուսի փոխարեն չքվեարկի: ԱԺ խոսնակը խնդրեց նրան զբաղեցնել իր տեղը , ի պատասխան ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պատգամավորն իրավունք ունի գտնվել դահլիճի ցանկացած տեղում: Նիկոյանն իր հերթին հավաստիացրեց, որ քվեարկության վահանակը երկար ժամանակ կգտնվի պատգամավորների տեսադաշտում և նրանք կարող են համեմատել արդյունքները: Հովհաննիսյանն ասել է, դահլիճի պատկերն ավելի հետաքրքիր է, քան տաբլոն:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---