ԱԺ հանձնաժողովը հաստատել է Սումգայիթում և Բաքվում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու նախագիծը

ԱԺ հանձնաժողովը հաստատել է Սումգայիթում և Բաքվում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու նախագիծը

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեց Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները 1915-1923թթ. Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կազմակերպված եւ իրականացված ցեղասպանության շարունակություն ճանաչելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ այն ընդգրկել ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է օժանդակել անապահով եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը:

Վարդան Արամյանը նաեւ ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրը եւ 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգագման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի` համաձայնագրերի նպատակն է իրականացնել աղքատության կայուն կրճատում:

Հանձնաժողովը քննարկեց 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է օժանդակել «Հայջրմուղկոյուղու» ընտրված սպասարկման տարածքներում ջրամատակարարման որակի բարելավմանը:

Քննարկված համաձայնագրերին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դատապարտելով օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն` իրենք առաջարկում են մայիսի 19-ը հայտարարել օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կառավարության ներկայացուցիչը` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նշեց, որ ՀՀ կառավարությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացություն կարող է տալ միայն որոշ հստակեցումների դեպքում: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց հեղինակներին հետաձգել օրինագծի քննարկումը, քանի որ հարցը նուրբ է, եւ որոշ հարցեր պարզաբանելու համար բազմակողմանի քննարկման անհրաժեշտություն կա: Հանձնաժողովի անդամները եւս առաջարկեցին հարցի քննարկումը հետաձգել: Հեղինակը չհամաձայնեց հանձնաժողովի անդամների առաջարկին: Քվեարկության արդյունքում օրինագծերի փաթեթը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---