ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԱՆԲԱՍԻՐ ԵՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը մի կողմ է մնացել բանակցային գործընթացից, այսպես կոչված, հակամարտության կարգավորման Պրագայի գործընթացի ժամանակաշրջանում, երբ կողմերը մոտ էին համաձայնության ձեռքբերմանը: Սակայն ադրբեջանական կողմը, հրաժարվելով հնարավոր փոխզիջումներից, սկսեց Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր-երկրի: Այս մասին «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Կարգավորման ուղիները» խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Միեւնույն ժամանակ, նախարարի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավական հիմքերն անբասիր են եւ ղարաբաղյան կողմը չի գտնում, որ ներկայիս փուլում բանակցությունները ծավալվում են ի վնաս ԼՂՀ շահերի: «Կան իրավական նախադրյալներ հուսալու, որ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը կավարտվի հաջող»,- նշել է Արման Մելիքյանը: Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղը միանում է մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերին, այդ թվում, վերջերս, ԼՂՀ կառավարությունն ընդունել է հյուպատոսային եւ դիվանագիտական կոնվենցիաներին միանալու մասին որոշում: «Ինչ որ մեկը կասի, թե ինչ իմաստ կա դրանում: Սակայն մենք ինչ որ ժամանակ միացել ենք Ժնեւի կոնվենցիային եւ այսօր շատ հաջող համագործակցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Իր խոսքում Ա. Մելիքյանը նշել է ղարաբաղյան հասարակության հետագա ժողովրդավարացման անհրաժեշտությունը` ընդգծելով հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը: «Մեզ համար շատ կարեւոր է Հայաստանի դիրքորոշումն այդ գործընթացում եւ միջազգային դիտորդների ներկայությունը»,- նշել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեչության ղեկավարը: Եզրափակելով Ա. Մելիքյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն հատկացնել Ադրբեջանի տարածքից հայ փախստականների շահերի պաշտպանումը: «Ռուսաստանի մարզերից մեկում դիտարկումը ցույց է տվել, որ այնտեղ բնակվում է իր ժամանակին Ադրբեջանից տեղահանված մինչեւ 45 հազար հայ, որոնց կեսն ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, մի մասը Հայաստանի քաղաքացի է, մյուսները` զրկված են քաղաքացիությունից: Այս տեսակետից շատ կարեւոր է այն փաստը, որ ԼՂՀ խորհրդարան է ներկայացվել «Քաղաքացիության մասին» օրինագիծը, եւ մտածում եմ, որ 10-15 օրվա ընթացքում նա կդառնա լուրջ քննարկումների առարկա»,- հայտարարել է նախարարը` ընդսմին ավելացնելով, որ «փախստականների խնդիրը մեր կողմից պետք է ներկայացվի այնպես հետեւողականորեն, ինչպես դա անում է Ադրբեջանը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---