ԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Կարեւորելով բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում` կողմերը նշել են, որ այցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Բալթյան երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարների քննարկմանն ու հստակեցմանը: Ընդգծելով, որ եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանի համար առաջնահերթ խնդիրներից է գործող օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին` Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի հանձնաժողով: Ա.Մարգարյանը նշել է նաեւ, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային ամենալայն համագործակցության, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ, ինչի համար մեր երկիրն ակնկալում է նաեւ Լիտվայի աջակցությունը: Տնտեսական ոլորտում կողմերը կարեւորել են մի շարք միջկառավարական համաձայնագրերի նախապատրաստումն ու ստորագրումը, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու լիտվական կողմի հնարավորությունների քննարկումը: Իր հերթին, Արթուրաս Պաուլաուսկասը նշել է, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ կան հայացքների եւ մոտեցումների ընդհանրություններ, որոնք լավ հիմք են փոխշահավետ գործակցության համար: Անդրանիկ Մարգարյանը կրկին նշել է, որ Հայաստանն ակնկալում է նաեւ Լիտվայի աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Այդ կապակցությամբ, Պաուլաուսկասը նշել է, որ ինքը հասկանում է հայերի ապրած մեծագույն ողբերգությունը եւ, որ Լիտվան էլ իր պատմության ընթացքում ապրել է նմանատիպ ողբերգություններ եւ հուսով է, որ լիտվական կողմը կջանա օժանդակել այդ խնդրին` իհարկե, տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում: Այսօր հայկական պատվիրակությունը կժամանի Հայաստան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---