Մոսկվան մտադիր չէ Հայաստանին պարտադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անում են հնարավոը, ինչ թույլ է տալիս իրենց մանդատը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, նրանք կոչված են աջակցել հակամարտության կողմերին խնդրի լուծման հարցում: «Երբեմն ես ինձ հարց եմ տալիս, իսկ ես ինչպես կգործեի, եթե աշխատեի իրենց փոխարեն: Ճիշտն ասած, դժվարանում եմ պատասխանել: Համանախագահներն ունեն լիազորությունների հստակ շրջանակ, եւ այդ շրջանակներում նրանք կարող են աշխատել: Որեւէ հակասություն կամ փորձ` միմյանցից նախաձեռնությունը խլելու առումով համանախագահների մոտ չի նկատվում արդեն 6-7 տարի: Սա է պատճառը, որ վերջին տարիներին, չնայած դժվարություններին, կարգավորման գործընթացում կան որոշակի հաջողություններ: Դրանով է բացատրվում նաեւ այն, որ 2001 թ. Քի Վեսթում կողմերը բավականին մոտ էին հակամարտության լուծմանը, եւ 2006 թ. եղավ Ռամբույեն` մենք նույնպես մոտեցանք հակամարտության կարգավորմանը»,-նշել է ՀՀ նախագահը:



Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի Բաքվում արած հայտարարությունն այն մասին, թե նա կհրավիրի Ռ.Քոչարյանին Մոսկվա Ղարաբաղի խնդրի շուրջ խորհրդակցությունների համար, ՀՀ նախագահը հայտարարեց. «Ես, իհարկե, ծանոթ եմ այն արձագանքին, որն այդ արտահայտությունն ունեցավ Հայաստանում: Իրականում, Բաքվից Մոսկվա վերադառնալուն պես նա զանգահարեց ինձ եւ կիսեց իր տպավորություններն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից ոչ թե այլ թեմաների, այլ հենց ղարաբաղյան կարգավորման խնդրի վերաբերյալ: Նրա հետ զրույցի ընթացքում ես ոչ մի ճնշում չեմ զգացել, որեւէ բան պարտադրելու, կամ առավել եւս որեւէ կայսերական դրսեւորումներ չեն եղել: Դա կարծիքների ընկերական փոխանակություն էր: Ի՞նչ տեղի ունեցավ Բաքվում: Քննարկումների ժամանակ Ռուսաստանի նախագահը տպավորություն էր ստացել, որ այն պատնեշը, որը անհաջողություն բերեց Ռամբույեում, հնարավոր է հաղթահարել: Եվ, գտնվելով այդ տպավորության ներքո, նա Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ արեց այդ հայտարարությունը` որ կզանգահարի եւ կհրավիրի: Դա մի մարդու ցանկություն էր, որն անկեղծորեն ուզում է օգնել հակամարտության կարգավորմանը: Հասկանալի է, թե ինչու Հայաստանում նման արձագանք եղավ: Հնարավոր է, այստեղ տպավորություն ստեղծվեց, որ Ալիեւն ու Պուտինը հանդիպեցին Բաքվում, ինչ-որ պայմանավորվածության հասան եւ որոշեցին պարտադրել Հայաստանին հայկական կողմի համար ոչ բարենպաստ մի լուծում` դավաճանության ինչ-որ երանգներով: Ասեմ, որ դա այդպես չէ: Մեր հարաբերությունները Ռուսաստանի, եւ իմ անձնական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ բացառում են նման բաները: Հանդիպման կոնկրետ օրվա վերաբերյալ մենք Ռուսաստանի նախագահի հետ չենք պայմանավորվել, սակայն հեռախոսազրույցի ընթացքում բավականին խորացել ենք կարգավորման մանրամասների մեջ եւ պայամանվորվել, որ լրացուցիչ կպայմանավորվենք հանդիպման մասին ` այդ քննարկումները շարունակելու նպատակով: Տեսնում եք, թե ինչ կրքեր կարող են բորբոքվել նման նրբանկատ հարցի շուրջ: Համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինը չէր էլ ենթադրում, թե ինչ արձագանք կստանա իր հայտարարությունը Հայաստանում»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---