Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները օրինակելի են տարածաշրջանի երկրների համար

PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի հանդիպումը , որի ընթացքում ընդգծվեց, որ 15 տարիների մեջ առաջին անգամ է հարեւան բարեկամ երկրի խորհրդարանի նախագահն այցելում Հայաստան. երկուստեք այդ փաստը բացատրվեց իրապես բարեկամական հարաբերություններով, որոնց ընթացքում չեն առաջացել քաղաքական, տնտեսական, մշակութային խնդիրներ: Տիգրան Թորոսյանն ընդգծեց, որ դարավոր հարեւանը եղել է ամենաարդյունավետ գործընկերը` հատկապես Հայաստանի համար ծանր ու դժվարին տարիներին, երբ երկիրը հայտնվել էր շրջափակման մեջ: Խորհրդարանի նախագահը երկկողմանի հարաբերություններում կարեւորեց էնեգետիկ համագործակցությունը` առանձնացնելով գազատարի եւ Արաքսի վրա կառուցվող ՀԷԿ-ի, բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության երրորդ գծի ծրագրերը:



ՀՀ ԱԺ խոսնակը նաեւ երախտագիտություն հայտնեց Իրանի Մեջլիսի նախագահին Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի համար: Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա խորհրդարանի խոսնակը հույս հայտնեց, որ խնդիրը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով:



Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը տարածաշրջանի համար օրինակելի որակեց միջպետական հարաբերությունները, որ երկու երկրների նախագահների փոխայցերից հետո զարգացման նոր փուլ են մտել: Խորհրդարանի նախագահը կարեւորեց ԻԻՀ հավասարակշիռ եւ զուսպ դիրքորոշումը Lեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:Նա ասաց, որ իր երկիրը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը եւ երկու երկրների նախագահների բանակցությունների շարունակմանը: Մեջլիսի նախագահը նշեց, որ որ թեպետ երկու երկրներն ունեն կրոնական տարբերություն, բայց եւ կան բազում նմանություններ:



Առանձնազրույցից հետո տեղի ունեցավ ԻԻՀ մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի գլխավորած պատվիրակության եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչների հանդիպումը, որին եւս մասնակցում էին երկու երկրների դեսպանները, պաշտոնական այլ անձինք, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---