2007 թվականին շարունակվել է Հայաստանի ակտիվ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում

PanARMENIAN.Net - 2007 թվականին շարունակվել է Հայաստանի ակտիվ համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քաղաքական, առեւտրա-տնտեսական, ռազմական եւ այլ ոլորտներում, ասվում է ՀՀ արտգործնախարարության Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ 2007 թվականի տարեկան զեկույցում: Զեկույցում, մասնավորպես, ասվում է. «ԱՄՆ Կոնգրեսում թեկնածուի շուրջ հակասության պատճառով, ԱՄՆ առայժմ չի նշանակել դեսպան Հայաստանում: Մինչեւ 2007թ. հուլիս ամիսը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր Էնթոնի Գոդֆրին, հուլիս-սեպտեմբեր ամիսներին` Ռուդոլֆ Պերինան, իսկ հոկտեմբերից` Ջոզեֆ Պենինգտոնը:



Քաղաքական եւ տնտեսական երկխոսության շրջանակներում Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը, ՀՄԿ գործառական հարցերով փոխնախագահ Ջոն Հյուկոն, ՀՄԿ փոխնախագահ Դարիուս Մանսը, Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով վարչության Կովկասի եւ հակամարտությունների կարգավորման բաժնի պետ Փոլ Ուոլերսը, ԱՄՆ առեւտրի քարտուղարի տեղակալի օգնական Փոլ Դայքը եւ առեւտրի քարտուղարության Հայաստանի հարցերով պատասխանատու Դանիկա Սթարքսը, ԱՄՆ ՍԵնատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Փոլ Ֆոլդին եւ Մարիկ Սթրինգը, ԱՄՆ պաշտպանության քարտուղարության պատվիրակությունը պաշտպանության փոխնախարարի օգնական Դեբրա Քագենի գլխավորությամբ:



Մարտին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, Եվրոպական ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ, Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: ՀՀ արտգործնախարարը հանդիպել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հետ:



2007թ. ամերիկյան ուղղակի աջակցությունը Հայաստանին կազմել է 75 մլն., իսկ Լեռնային Ղարաբաղին` 3 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հարցում այս տարի նույնպես պահպանվել է պարիտետային սկզբունքը (յուրաքանչյուրին` 3 մլն. ԱՄՆ դոլար:) Բացի այդ Հայաստանին հատկացվել է 5 մլն. դոլար` Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման շրջանակում:



2007թ. հոկտեմբերին Վաշինգտոն է մեկնել ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցելության ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի, Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, Պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի, բարձաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այցի շրջանակներում կայացել է հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունները կանոնակարգող տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նստաշրջանը: Քննարկվել են տնտեսական աճին նպաստող ժողովրդավարական բարեփոխումներին, Հազարամյակի մարտահրավեր ծրագրին, հակակոռուպցիոն ռազմավարությանը, բանկային, ջրի եւ էներգետիկ ոլորտներին, դատական համակարգին, մտավոր սեփականությանը, մարդկանց շահագործմանը (թրաֆիկինգի), փողերի լվացմանը, ահաբեկչության ֆինանսավորմանը, մաքսային ու մերձսահմանային խնդիրներին, էներգետիկայի ու ենթակառուցվածքների եւ գյուղատնտեսական ոլորտներին առնչվող հարցեր: Նստաշրջանի շրջանակներում ստորագրվել է «Ավիացիայի անվտանգության» մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել առանձին հանդիպումներ կազմակերպել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ կոնկրետ հարցեր քննարկելու համար:



Հազարամյակի մարտահրավեր հնգամյա ծրագրի շրջանակներում, որի նպատակը գյուղատնտեսական ոլորտի բարելավման միջոցով Հայաստանում աղքատության կրճատումն է, Հայաստանին հատկացվել է ավելի քան 11 մլն. ԱՄՆ դոլար: Նախատեսվում է ծրագիրն ուղղել գյուղական ճանապարհների վերականգնմանը, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելուն, ֆերմերներին եւ ագրոբիզնեսին աջակցելուն:



Զարգանում են նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունները: Ինչպես եւ նախորդ տարիներին, ՀՀ-ից ԱՄՆ արտահանվող ապրանքատեսակների թվում գերակայում է վերջնական, ոչ-հումքային արտադրանքը:



Հաշվետու տարում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացված «Հայոց ցեղասպանությունը դատապարտող» H.Res.106 բանաձեւը, որին ներկայումս սատարում են 211 կոնգրեսական, հոկտեմբերին ընդունվել է պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Նման բանաձեւ ներկայացված է նաեւ Սենատի քննարկմանը: Ներկայում Սենատի S.Res.106 բանաձեւը համահեղինակում են 33 սենատոր: Կարեւոր զարգացում է նաեւ դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «Ցեղասպանության պատասխանատվության վերաբերյալ ակտ» կոչվող S.888 օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի որոշումը հնարավորություն է տալիս դատական կարգով հետապնդել Միացյալ Նահանգներ մուտք գործած ոչ ԱՄՆ քաղաքացիներին` երկրից դուրս իրականացրած ցեղասպանության համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---