Հայոց Ցեղասպանության հերքումը շարունակում է մնալ Թուրքիայի պետական քաղաքականության առաջնայնությունների շարքում

PanARMENIAN.Net - Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հակազդումը շարունակում է մնալ Թուրքիայի պետական քաղաքականության առաջնայնությունների շարքում: Այդ մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ 2007 թվականի տարեկան զեկույցում: Փաստաթղթում ընդգծվում է, որ այս խնդրում Թուրքիայի ջանքերին կրկին սատարում է Ադրբեջանը: Երկու երկրների պետական ու հասարակական կառույցներն այդ նպատակով իրականացնում են համակարգված միջոցառումներ եւ գործողություններ: Ի հակակշիռ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, Ադրբեջանը շարունակել է 1992թ. Խոջալուի դեպքերի շահարկումները:



Հայաստանը ջանքեր է գործադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական ձեռնարկներն ու քարոզչությունը չեզոքացնելու համար:



Հաշվետու տարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում արձանագրվել են հետեւյալ զարգացումները.



- հունվարին Արգենտինայի նախագահի կողմից վավերացվելուց հետո օրենքի ուժ է ստացել 2006թ. դեկտեմբերին Սենատի կողմից ընդունված օրինագիծը, որով Արգենտինայի Հանրապետությունում ամեն տարվա ապրիլի 24-ը` ի հիշատակ հայոց ցեղասպանության հռչակվում է որպես «Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր»,

- մարտի 28-ին ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւ, որում նշված է, որ «Ագոս»-ի խմբագիրը «դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համար»: Բանաձեւը կոչ է անում Թուրքիային Քրեական օրենսգրքից հանել 301-րդ հոդվածը, ինչպես նաեւ դիվանագիտական, քաղաքական եւ առեւտրական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ,

- հունիսի 6-ին Չիլիի Սենատի ընդունած որոշմամբ կոչ է արվել երկրի կառավարությանը` զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա նկատմամբ իրագործած ցեղասպանությունը,

- հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացված «Հայոց ցեղասպանությունը դատապարտող» H.Res.106 բանաձեւն ընդունվել է պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից,

- հոկտեմբերին Հռոմի կենտրոնում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող եւ հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հայկական խաչքար,

- նոյեմբերին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած ՄԵՐԿՈՍՈԻՐ-ի (Հարավամերիկյան ընդհանուր շուկա` Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Պարագվայ) խորհրդարանի լիագումար նիստում, կազմակերպության օրենսդիր մարմնում հաստատվել է նույն խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախօրեին միաձայն ընդունած որոշումը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ըստ որի դատապարտվում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված եւ մեկուկես միլիոն մարդկանց կյանք խլած հայերի ցեղասպանությունը` զորակցելով հայ ժողովրդի արդար դատին,

- նոյեմբերին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում Ուելսի խորհրդարանի նախագահ Լորդ Դաֆիդ Էլիս-Թոմասի մասնակցությամբ տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար,

- դեկտեմբերի 20-ին շվեյցարական Վո կանտոնի վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Հայոց ցեղասպանության ժխտման համար մեղադրվող Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավճիռը, որը կայացվել էր Լոզանում այս տարվա մարտին: Փերինչեքը դատապարտվել էր 90 -օրյա պայմանական ազատազրկման եւ 2.5 հազար դոլար տուգանքի, կամ փոխարենը` միայն 7 հազար դոլար տուգանք: Դատարանն այս անգամ թուրք ազգայնականին պարտադրել է վճարել նաեւ 820 դոլար Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությանը որպես բարոյական վնասի փոխհատուցում: Սա փաստորեն առաջին դեպքն է, երբ կիրառվել է դեռեւս 1995թ. Շվեյցարիայում ուժի մեջ մտած օրենքը` Հայոց ցեղասպանության հերքման մասին:

- Սեպտեմբերի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց որոշում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: Այն ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է եւ նպատակ ունի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՄԱԿ-ի հիմնական մարմնի շրջանակներում զարգացնելու վաղ կանխարգելման խնդիրների, դրանով զբաղվող մեխանիզմների միջեւ համագործակցության եւ գործունեության ներդաշնակեցման հարցերի համակարգը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---