Հայաստանի խորհրդարանում կարող է ժամանակավոր հանձնաժողով ստեղծվել մարտի 1-2 իրադարձությունները հետաքննելու համար

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամների պատվիրակության ղեկավար Պեր Սյոգրենը Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը վերջինիս խնդրեց վերահաստատել ԱԺ-ի ընդունելիք օրենքների նախագծերը եվրոպական փորձաքննության ուղարկելու հանձնառությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Նման մտահոգության պատճառ էին դարձել ԱԺ ընդունած «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը եւ Քրեական օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծը, որի վերաբերյալ կառավարությունը հրատապ քննարկման որոշում է կայացրել. պարոն Սյոգրենը հիշեցրեց, որ օրենքն ընդունվել է առանց փորձագիտական եզրակացության եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը այն հրատապ քննարկելով` իր եզրակացության մեջ արել է առաջարկներ` գտնելով, որ ԱԺ-ն դրանք պետք է ընդունի: Քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը եւս առաջարկվում է նախապես ուղարկել փորձագիտական եզրակացության: Պարոն Սյոգրենը փորձագիտական եզրակացության առաջարկների ընդունումը կարեւորեց եվրոպական չափանիշների եւ հասարակության վստահության վերականգնման առումով:



Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, հավաստելով համագործակցության ավանդույթների պահպանման պատրաստակամությունը` նշեց, որ տարիներ շարունակ այդ սկզբունքով են ընդունվել տասնյակ օրենքներ եւ կարեւոր ու օգտակար քննարկումներ են եղել Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ ոչ միայն օրինագծերի, այլ նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Ափսոսանք հայտնելով, որ «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը հնարավոր չեղավ ընդունված կարգով փորձագիտական եզրակացության ուղարկել` Աժ նախագահը նշեց, որ հիմնական պատճառը Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած աննախադեպ իրադարձություններն էին: Թեպետ հենց քննարկման ժամանակ էլ շեշտվել է, որ օրենքը թարգմանվելու ու ուղարկվելու է եզրակացության: Աժ նախագահը պատրաստակամություն հայտնեց ապրիլի երկրորդ կեսին քննարկել ստացված առաջարկները: Քրեական օրենսգրքի առնչությամբ նշվեց, որ ինչ փոփոխություններ էլ լինեն, դրանք չեն կարող հետադարձ ուժ ունենալ:



Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցին. ճշտվեց, որ այդ որոշումն ընդունելով` Ազգային ժողովը նպատակ է ունեցել քննության համար պայմաններ ստեղծել միայն եւ նրանք չեն դադարել պատգամավորներ լինել: Մարտի 1-ի իրադարձությունների քննարկման նպատակով միջազգային կամ ազգային մակարդակով հանձնախումբ ստեղծելու հարցը քննարկելով` պարոն Սյոգրենը նշեց, որ տարբերակներից մեկը խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն է, որի աշխատանքներում պետք է ներառված լինեն նաեւ տարբեր մասնագետներ` հանրության վստահությունն ապահովելու նպատակով: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, հիշեցնելով, որ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման փորձ կա, սկզբունքորեն հնարավոր համարեց այդ տարբերակը` կարեւորելով խնդիրների տարանջատումը եւ իրադարձությունների խորքային պատճառների վերհանումը: Նշվեց, որ քրեական հանցագործությունների խնդրով Աժ-ն չի կարող զբաղվել: Պատգամավորներից մեկն արդեն նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախագիծ է ներկայացրել, սակայն անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահայտվել այդ հանձնաժողովի ստեղծմանը: Աժ նախագահն առաջարկեց խորհրդարանական խմբակցությունների հետ համատեղ քննարկել հարցը որոշ ժամանակ անց, երբ արդեն պարզված կլինեն այդ իրադարձությունների հետ կապված հանգամանքները եւ հստակ կլինի, թե ինչ հարցեր են քննարկվելու ժամանակավոր հանձնաժողովում: Եթե այդ ժամանակ խմբակցություններն անհրաժեշտ կհամարեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, դա կարվի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---