ԵՄ-ն մտադիր է խորացնել համագործակցությունը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների հետ

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը կներկայացնի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում արեւելյան գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման եւ զարգացման մասին կոմյունիկեն: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը` հավելելով, որ այս նախագիծը ԵՄ-ի հետ համագործակցության առավել բարենպաստ պայմաններ է առաջարկում Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային ու Ուկրաինային:



«Այդ փաստաթղթի պարունակությունը նման է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին, սակայն այստեղ ԵՄ-ն հանդես է գալիս «Արեւելյան գործընկերության» բոլոր երկրների հետ համագործակցությունը զարգացնելու առավել մեծ պատրաստակամությամբ»,-նշել է Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքերով, ըստ կոմյունիկեի ակնկալվում է հուշագրի կնքում ԵՄ-ի երկրների եւ «Արեւելյան գործընկերության» երկրների հետ ազատ առեւտրի գոտու բացման, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ: Բացի այդ, կբարձրացվի ԵՄ-ի քաղաքական երկխոսության մակարդակը այդ երկրների հետ:



«2000թ. Հայաստանը ստանում էր 5 մլն եվրո ֆինանասական աջակցություն, իսկ այժմ ստանում է շուրջ 25 մլն եվրո, ապագայում ֆինանսական աջակցությունն ավելի կբարձարանա»,-հաղորդել է Ռաուլ դը Լուցենբերգերը:



Եվրահանձնաժողովը ծրագրում է առաջարկել մոտակա տարիների ընթացքում ստորագրել համաձայնագրեր հետխորհրդային երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ասոցիացման մասին եւ ճանաչել «այդ երկրների եվրոպական ինքնությունն ու ձգտումը»: Այդ մասին ասվում է Արեւելյան գործընկերության առնչությամբ Եվրահանձնաժողովի կոմյունիկեի նախագծում: Այդ նախագծում նշվում է, որ ասոցիացման մասին նոր համաձայնագրերը, որոնք կնմանվեն նույնպիսի փաստաթղթերին` կնքված Լեհաստանի եւ Լիտվայի հետ նախքան ԵՄ ընդլայնումը 2004թ., միեւնույն ժամանակ չեն պարունակելու Եվրամիությանը ապագայում միանալու խոստումներ:



Նախագծով նախատեսված է, որ 2009թ. հունիսին պետք է կայանա Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որպեսզի սկսվի ԵՄ նոր քաղաքականությունը: ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների նիստերը պետք է անցկացվեն ամեն գարնանը, իսկ նախարարական հանդիպումների նախապատրաստման համար «բարձրաստիճան պաշտոնյաների» նիստը` տարին երկու անգամ: Արեւելյան գործընկերությունը նաեւ նախատեսում է ԵՄ ծախսերի ավելացում` ի օգնություն արեւելյան գործընկեր երկրներին` 2 անգամ մինչեւ 2013թ. եւ 3,3 անգամ մինչեւ 2020թ.: Ծախսերի աճը կկազմի 2,1 մլրդ եվրո, առանց 75 մլն եվրոյի կորուստի հաշվարկի, որը տեղի կունենա անցագրերի արժեքի վերացման հետեւանքով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---