Էդվարդ Նալբանդյանն ու Հովարդ Բերմանը քննարկել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ: Հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հետ կապված հարցերին: Մայիսի 4-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մարք Քըրքի եւ խմբի անդամներ` կոնգրեսականներ էննա Էշյուի, Ստիվ Ռոտմանի եւ Սքոտ Գերեթի հետ:



Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց բազմամյա հայանպաստ գործունեության համար, բարձր գնահատեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի աշխատանքները եւ խմբի անդամների դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ այդ ոլորտում երկու հարեւան պետությունների միջեւ բնականոն հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս ենթատեքստում կոնգրեսականներն իրենց աջակցությունը հայտնեցին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերին:



Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին եւ դրանց հեռանկարներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---