2008թ. մարտի 1-ի իրադարձություններում դեռեւս շատ չպարզված հանգամանքներ կան

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ 2008թ. մարտի 1-2 իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը լիարժեք չէ, եւ այդ կապակցությամբ ես ներկայացնում եմ իմ եզրակացությունն այդ իրադարձությունների վերաբերյալ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:



Ըստ Կարապետյանի, չեն ընդգրկվել նոր փաստաթղթեր, այլ միայն վերլուծության են ենթարկվել այն փաստերը, որոնք ներկայացրել են իրավապահ մարմինները: Դա էլ տեղ գտավ այդ հանձնաժողովի զեկույցում: «Ես ներկայացնում եմ իմ եզրակացության առաջին մասը, իսկ երկրորդը, որը նվիրված է զոհվածների մահվան հանգամանքներին, դիմակավոր մարդկանց եւ նրան, թե ինչ է պետք ձեռնարկել, որպեսզի նման ողբերգություն այլեւս չկրկնվի, մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք ավելի ուշ»,-ասել է Կարապետյանը:



Ա.Կարապետյանը ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ, չնայած, նախնական որոշմանը, հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը չկարողացավ ապահովել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանի եւ ՊՆ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ներկայությունը լսումներին: «Այսինքն, գլխավոր մասնակիցները, ովքեր որոշումներ էին կայացնում, չեն հարցաքննվել ոչ ժամանակավոր հանձնաժողովի, ոչ էլ իրավապահ մարմինների կողմից»,-ասել է Կարապետյանը:



Կարապետյանը նաեւ նշել է, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ընտրությունների կեղծման արդյունք են: Նա հավելել է, որ իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում առգրավվեց զենք ու զինամթերք, որն էլ ցուցադրվեց եթերում: «Տարօրինակն այստեղ այն է, որ առգրավված զենքը չէր կիրառվել հանրահավաքի մասնակիցների կողմից եւ իրավապահ մարմինները չկարողացան պարզել նրա պատկանելությունը: Դա նշանակում է, որ ոչ մի զենք իրականում այնտեղ չի եղել եւ այդ ամենը վատ շոու էր` կազմակերպված իշխանությունների կողմից»,-ասել է Կարապետյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---