Խորհրդարանական մեծամասնությունը կարող է արձանագրությունները հավերժ առկախ վիճակում պահել

Խորհրդարանական մեծամասնությունը կարող է արձանագրությունները հավերժ առկախ վիճակում պահել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների մասին ստորագրված արձանագրությունները մնացել են մեծ օրակարգում, որպեսզի հարկ եղած դեպքում դրանք քննարկման դրվեն: Այս մասին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Դալլաքյանի խոսքերի համաձայն, քաղաքական մեծամասնությունը խուսափել է արձանագրությունները օրակարգից հանելու որոշումից, քանի որ այդ դեպքում դրանք նորից օրակարգ մտցնելու համար պետք է կրկնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, ինչն էլ բավականին երկար գործընթաց է:

“Մյուս կողմից` նրանք օրակարգից հանել են այդ փաստաթղթերը, քանի որ ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանական երեք նստաշրջանից հետո այդ հարցը անպայման պետք է քննարկվի: Այսինքն` օրենքը պարտադրում է, որ քառօրյա նիստերի օրակարգ մտած յուրաքանչյուր օրինագիծ, խորհրդարանի երեք նստաշրջանից հետո անպայման պետք է քննարկվի”, - ասել է Դալլաքյանը` ավելացնելով, որ խորհրդարանի մեծամասնությունը քառօրյա նիստերի օրակարգից արձանագրությունները հանելով, կարող է այն հավերժ պահել առկախ վիճակում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին ասել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին նախագահի հրամանագրի հիման վրա այդ փաստաթղթերը պետք է ոչ թե քառօրյա նիստերի օրակարգից հանել, այլ, ընդհանրապես, խորհրդարանից: “Այսինքն` արձանագրությունները պետք է խորհրդարանի մեծ օրակարգից հանել և ուղարկել հետ` նախագահի աշխատակազմ, ինչն էլ պահանջում է կասեցման տրամաբանությունը”, - բացատրել է նա:

Պատգամավորն ընդգծել է նաև, որ նա դեմ է կասեցմանը և համարում է, որ դա լիարժեք քայլ չէ, քանի որ, նրա կարծիքով, Հայաստանը պետք է դուրս գա հայ-թուրքական գործընթացից: “ Խորհրդարանի մեծ օրակարգում թողնելով և այդ գործընթացից դուրս չգալով, պահպանվում է հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հարցում առաջընթացի հասնելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գերտերությունների ճնշման հավանականությունը հայկական կողմի վրա”, - ասել է նա, ավելացնելով, որ հայկական կողմը գործընթացից վերջնականապես դուրս գալու և միջազգային ճնշումները շրջանցելու լավ առիթ ունեցավ, որը չօգտագործեց;

“Հայաստանի նախագահը ստորագրել է արձանագրությունների վավերացումը կասեցնելու, այլ ոչ խորհրդարանից այն հետ կանչելու մասին հրամանագիր: Կասեցում նշանակում է գործընթացի սառեցում այն փուլում, որում գտնվում են, այսինքն` արձանագրությունները հանել քառօրյա նիստերի օրակարգից, այլ ոչ մեծ օրակարգից”, - պնդում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին: Նախագահը ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարել է այդ մասին տեղեկացնել թուրքական կողմին;

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---