Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևոր համարեց, որ Սփյուռքում մեր հայրենակիցները զբաղեցնում են տարբեր պաշտոններ, այդ թվում` մունիցիպալ իշխանություններում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մտադիր է Հայաստանում նախաձեռնել սփյուռքահայ պատգամավորների և պաշտոնյաների հավաք, ինչը հնարավորություն կընձեռի, որ նրանք ծանոթանան իրենց պատմական հայրենիքին, կապ ստեղծեն միմյանց հետ, ճանաչեն իրար:

Գլենդեյլի քաղաքապետն իր հերթին ողջունեց ԱԺ նախագահի մտադրությունը և հայտնեց նման հավաքին մասնակցելու իր պատրաստակամությունը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր արտերկրյա այցելությունների ժամանակ համոզվել է, որ մեր հայրենակիցները մեծ հարգանք են վայելում այդ երկրներում` միաժամանակ չմոռանալով իրենց արմատները: ԱԺ նախագահը կարևոր համարեց նաև սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունները Հայաստան, որոնք նպաստում են հայրենիքն ավելի լավ ճանաչելուն, նրա մասին ավելի անաչառ տպավորություն կազմելուն, հայապահպանությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Զրուցակիցները ցանկալի համարեցին Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի քաղաքների ու համայնքների միջև կապերի հաստատումն ու հետագա համագործակցությունը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց Գլենդեյլի հայերի կյանքով, քաղաքապետարանի գործունեությամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրերի իրականացմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---