Հոկտեմբերի 8-ին Հայաստան ժամանեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին

Հոկտեմբերի 8-ին Հայաստան ժամանեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը: Ազգային ժողովում տեղի ունեցավ առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի միջև:

Փաստելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները` կողմերը կարևորեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխգործակցության խորացմանը բազմաթիվ ուղղություններով: Նշվեց, որ երկու երկրների ջերմ հարաբերությունների ձևավորմանը նպաստում է օրենսդիր մարմինների համագործակցությունը և այս համատեքստում կարևորվեց բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները նշեցին , որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը, կարևորեցին տնտեսական փոխգործակցութան ակտիվացումը և կոնկերտ ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ 2009 թվականի սեպտեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցին և կարևորեց այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ փոխայցելությունները նպաստում են երկու երկրների ու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, և Ալի Լարիջանիի այցով երկկողմ հարաբերություններն ավելի կակտիվանան:

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կարևորեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ` Իրան կատարած այցը, նշելով, որ այն իր մեջ ներառում էր երկու երկրների հարաբերությունների ակտիվացման բանալին: Նա դրական գնահատեց այդ այցը, որը նպաստեց նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը: Հանդիպմանը կարևորվեց տնտեսական կապերի սերտացումը և այդ ոլորտում նախանշված ծրագրերի իրականացումը: Երկուստեք նշվեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա, ինչը լավ հնարավորություն է ստեղծում նպաստել նախատեսված ծրագրերի իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևոր համարեց այն ծրագրերի իրագործումը, որոնք կնպաստեն տնտեսության աշխուժացմանը:

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններին և առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարևանների հետ, և խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ԱԺ նախագահն ասաց, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և շատ կարևոր է ԼՂՀ իշխանություններին ներգրավել բանակցություններում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԼՂ հարցում Իրանի իշխանությունների անկողմնակալ դիրքորոշման համար: Իրանի խորհրդարանի նախագահը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի երկուստեք ընդունելի տարբերակով: Անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Ալի Լարիջանիի գնահատմամբ` Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման և առաջընթացի համար:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի համար, և ամեն ինչ կարվի, որ Իրանի հետ հարաբերություններն ավելի զարգանան:

Հանդիպման ավարտին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունները համատեղ լուսանկարվեցին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---