ԵՊՀ գիտաժողով. ՀՀ ԱԺ-ին պետք է խնդրել, որպեսզի նոյեմբերի 22-ը ճանաչվի հայրենատիրության օր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ գիտաժողով`ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի նախագահությամբ: Գիտաժողովում ընդունվեց որոշում` նվիրված «ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանի վերաբերյալ Իրավարար վճռի 90-ամյակին»: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Առաջին աշխարհամարտը սանձազերծողներից մեկը` Օսմանյան կայսրությունը, 1918 թ. հոկտեմբերի 30-ին անձնատուր եղավ Անտանտի երկրներին` հանձնվելով նրանց ողորմածությանը: Փարիզի խաղաղության վեհաժողովը և Սան-Ռեմոյի կոնֆերանսը նախապատրաստեցին հաշտության պայմանները Օսմանյան կայսրության (Թուրքիայի) հետ, և 1920 թ. օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում ստորագրվեց պայմանագիր հաղթող տերությունների և նրանց դաշնակիցների ու Օսմանյան կայսրության (Թուրքիայի) միջև: Սևրի պայմանագրով որոշված էր Հայաստանի Հանրապետությանը հանձնել Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթներն ամբողջությամբ կամ մասամբ: Սևրում ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին հանձնարարվեց իրավարար վճիռ կայացնել թուրք-հայկական սահմանագծի վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահի կողմից ստեղծվեց «Inquiry» խումբը, որը երկարատև աշխատանքից հետո նախապատրաստեց հայ-թուրքական սահմանագծի մանրակրկիտ քարտեզը: Իրավարար վճռով մասամբ ՀՀ-ին էին անցնում Օսմանյան կայսրության հիշյալ 4 վիլայեթները` ընդամենը 90 հազար քառ. կմ տարածքով (Էրզրումի վիլայեթից` 40 հազար քառ. կմ, Վանի վիլայեթից` 20 հազար քառ. կմ և Տրապիզոնի ու Բիթլիսի վիլայեթներից` 15- հազարական քառ. կմ): Սևրի պայմանագրի իրագործման դեպքում ՀՀ-ի տարածքը կկազմեր շուրջ 165 հազար քառ. կմ: Սևրի պայմանագիրը ստորագրած Թուրքիան պարտավորվում էր ճանաչել ՀՀ անբեկանելի իրավունքը նշված տարածքների նկատմամբ: Սևրի պայմանագիրը ստորագրած և Իրավարար վճիռը կայացրած ԱՄՆ-ն պատասխանատու էր վերջինիս իրագործման համար:

Ցավոք, Իրավարար վճիռն ասպարեզ եկավ, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած էր խորհրդայնացման շեմին: Իսկ Խորհրդային Ռուսաստանի ռազմաքաղաքական ակտիվությունն ի չիք դարձրեց Սևրի պայմանագրի կենսագործումը Հայաստանի մասով:

Խորհրդային Հայաստանը հասկանալի պատճառներով չէր կարող այդ խնդիրը բարձրացնել` հաշվի առնելով Կարսի` 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագիրը: Սակայն այդ խնդիրը դիվանագիտական դաշտ վերադարձնելու փորձ չի կատարել նաև մեր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը: Ուստի գիտաժողովը, ելնելով վերոհիշյալից, գտնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանագծի վերաբերյալ շարունակում է իր ուժը պահպանել, քանի որ Սևրի պայմանագիրը չվավերացնելը որևէ ձևով չի ազդում Իրավարար վճռի իրավասության վրա; ըստ միջազգային իրավունքի` իրավարար վճիռները կայացման համար պարտադիր, վավերացման համար կարիք չունեցող վերջնական ու անբեկանելի վճիռներ են; ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի ստորագրություններով և ԱՄՆ Մեծ կնիքով հաստատված իրավարար վճիռ-քարտեզը դարձել է ԱՄՆ ներքին օրենսդրության` վավերացում չպահանջող մաս, որով միջազգայնորեն ճանաչվել են ՀՀ անբեկանելի իրավունքները Հայաստանի Հանրապետությանը հատկացված 90 հազար քառ. կմ տարածքի և Կարսի մարզի նկատմամբ; ՀՀ-ն համաշխարհային հանրությանը պետք է ցույց տա, որ Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև սահմանները պետք է անցկացվեն ըստ Իրավարար վճռի և ոչ թե թուրք-խորհրդային գործարքի: Վիլսոնյան Իրավարար վճռի 90-ամյակի առիթով պետք է ուժեղացնել ՀՀ քարոզչությունն ամբողջ աշխարհում, նշել այդ տարեդարձը բոլոր հնարավոր երկրներում և հայկական գաղթավայրերում: Պետք է միջնորդել ՀՀ իշխանություններին, որ այդ քարոզչության մեջ լայնորեն ներառվեն ՀՀ դեսպանությունները»:

Որոշման մեջ նշվում է նաև, որ Երևանում հարկ է կազմակերպել միջազգային գիտաժողով` նվիրված Իրավարար վճռի 90-ամյակին: «Անհրաժեշտ է բարձրակարգ իրավաբան, միջազգայնագետ և պատմաբան կադրերից կազմել աշխատանքային խումբ հիշյալ հարցերը նախապատրաստելու և միջազգային մարմիններին ներկայացնելու համար և ՀՀ Ազգային ժողովին խնդրել, որպեսզի նոյեմբերի 22-ը ճանաչվի հայրենատիրության օր»,- ընդգծվում է որոշման մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---