Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յու Հոյին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յու Հոյին: ԱԺ նախագահը ողջունեց դեսպանի այցը Հայաստանի օրենսդիր մարմին եւ համոզմունք հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-կորեական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԱԺ դահլիճի տեխնիկական վերազինմանը ցուցաբերած` կորեական կողմի աջակցությունը եւ հատկապես Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) ու GS ընկերության օժանդակությունը ՀՀ Ազգային ժողովին:

Կորեայի դեսպանը, ով մինչեւ ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպելը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հետ շրջել էր խորհրդարանի վերակառուցված դահլիճում եւ ծանոթացել կորեական օժանդակությամբ իրականացված տեխնիկական վերազինման աշխատանքներին, ՀՀ ԱԺ նախագահին տեղեկացրեց, որ շատ տպավորված է դահլիճից եւ ուրախ է Կորեայի կողմից ցուցաբերված աջակցության համար:

Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես ԱԺ նախագահ աջակցել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, ներդրումային ծրագրեր իրագործելուն` կարեւորելով կորեական ընկերությունների ներդրումները Հայաստանում: Նա կարեւոր համարեց գործարարների միջեւ հանդիպումների կազմակերպումը, գործարար համաժողովների անցկացումը: Անհրաժեշտ համարվեց ակտիվացնել միջխորհրդարանական կապերը, համագործակցությունը միջազգային կառույցներում, պատգամավորների, բարեկամության խմբերի փոխայցելությունները: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահին ուղղված` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը:

Ինչպես հաղորդում է ԱԺ մամլո ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձան նաեւ վերջերս Կորեայի Հանրապետության եւ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության միջև տեղի ունեցած դեպքերին: ԱԺ նախագահն անհանգստություն հայտնելով ուժի կիրառման առթիվ եւ անընդունելի համարելով այն, նշեց, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---