«Սարդարապատ». Շուշիի ազատագրման շնորհիվ հայը կրկին վերականգնեց իր հաղթական կեցվածքը

PanARMENIAN.Net - Հայության միակամության, հայ զինվորի անմնացորդ նվիրումի և սխրանքի, հայ հրամանատարի արտասովոր տաղանդի, կորսված հայրենիքը վերատիրելու ուխտի կատարումն էր Արցախ աշխարհի երբեմնի մայրաքաղաք Շուշիի ազատագրումը և այն հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրվեց որպես ամենափառահեղ հաղթական էջերից մեկը։ Այս մասին ասվում է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շուշիի ազատագրումը որակապես փոխեց մեր ժողովրդի այն հոգեվիճակը, որը երկար ու ձիգ դարեր ուղեկցել էր հայությանը։ Հայը կրկին վերականգնեց իր հաղթական կեցվածքը, հավատաց սեփական ուժերին, կրկին եղավ միասնական և կատարեց անհնարինը՝ ազատագրելով անառիկ համարվող բերդաքաղաքը մարդկային նվազագույն կորուստներով և կարճ ժամանակի ընթացքում։

Հայրենիքը արդարությամբ և սիրով շենացնելու կարևոր և անհրաժեշտ քայլը այն ազատագրելն էր թշնամուց։ Սակայն հայությունը ռազմի դաշտում հաղթելով իրենից քանակապես և զինական գերազանցություն ունեցող թշնամուն, առ այսօր չի կարողանում հաղթել իր մեջ տնօրինող նյութապաշտությանը, եսամոլությանը, փառասիրությանը։

«Վասն Աստծո, վասն Հայրենյաց» մարգարեական խոսքերի իրականացումը յուրաքանչյուր ազգի հարատևման բանալին է։ Ցավոք այն այսօր օտարվել է մեզանից»։

«Հայաստան աշխարհը հայաշատ դարձնելու, բարոյական և ներդաշնակ համակեցության օրենքներով ապրելու փոխարեն, երկրում ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ հայ մարդը գերադասում է լքել հայրենիքը և գոյատևել օտարության մեջ, ուծացման վտանգը ամեն պահ ունենալով աչքի առաջ։

Տասնիննը տարի առաջ ազատագրված Շուշին այդպես էլ իրապես չդարձավ հայինը և հազարավոր հայեր բնակություն չհաստատեցին Շուշիում։ Շուշին ազատագրող հրամանատարներից Սասուն Միքայելյանը հանիրավի այսօր բանտարկված է: Շուշիի ազատագրումը, ցավոք իրապես տոն չէ մեզ համար, և այն նշվում է ձևի մեջ, և որտեղ չկա իրական բովանդակություն»,-ասվում է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---