Անտոնիո Գուտերեշ. Հայաստանը` լինելով եվրոպական արժեքներ կրող երկիր, առաջնորդվում է ՄԱԿ-ի չափանիշներով

Անտոնիո Գուտերեշ. Հայաստանը` լինելով եվրոպական արժեքներ կրող երկիր, առաջնորդվում է ՄԱԿ-ի չափանիշներով

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին, որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության հրավերով` մասնակցելու 2011 թվականի մայիսի 17-ին Երեւանում կայանալիք դոնորների միջազգային համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով պարոն Գուտերեշին՝ ՀՀ փոխարտգործնախարարը նախ շնորհակալություն հայտնեց Գերագույն հանձնակատարին հրավերն ընդունելու եւ համաժողովին իր մասնակցությունը բերելու համար, ապա իր գոհունակությունն արտահայտեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ անցած տարիների ընթացքում ծավալած արդյունավետ համագործակցության համար:

Գերագույն հանձնակատարը նշեց, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի փախստականների կարգավիճակի եւ անքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիաների անդամ, պետք է հետագայում եւս շարունակի ապահովել նշված փաստաթղթերի դրույթների իրականացումը: Այս առումով նա կարեւորեց այս տարվա վերջում ՄԱԿ-ի կողմից Ժնեւում կազմակերպվելիք նախարարական համաժողովը, որը նվիրված կլինի նշված կոնվենցիաների հոբելյաններին եւ հնարավորություն կընձեռի անդամ պետություններին` ամփոփելով այս ոլորտում կատարված աշխատանքները, ձեռնարկել նոր քայլեր: Հանձնակատարը նշեց, որ Հայաստանը` լինելով եվրոպական արժեքներ կրող երկիր, առաջնորդվում է այս չափանիշներով նաեւ իր երկրի ապաստանի համակարգի կատարելագործման հարցում:

Այնուհետեւ պարոն Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես անդրադառնալով հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին:

Զրույցի ավարտին պարոն Գուտերեշն անդրադարձավ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ուշադրության կենտրոնում գտնվող` աշխարհի մի շարք թեժ կետերի խնդիրներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---