ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՄՏԵԼ Է ՓԱԿՈՒՂԻ, ԱՆՀԻՄՆ Է

PanARMENIAN.Net - Վերջին 2 ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով բանակցային գործընթացը ինտենսիֆիկացել է ավելի, քան 2 տարվա ընթացքում: Այդ մասին Բաքվում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վարշավյան հանդիպմանը, Բ.Ֆասյեն ասել է, որ «բանակցային գործընթացում զարգացման հնարավորություն կա»: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խաղաղ պայմանագիր կնքելու համար կարող են օժանդակել խորհրդատվությունների եւ միջնորդության ձեւով: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ համանախագահները չեն կարող լուծել խնդիրը կողմերի փոխարեն: Բ.Ֆասյեն հաղորդել է, որ անց են կացվել շատ արդյունավետ բանակցություններ, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ նույնիսկ կայացել չնախատեսված հանդիպում նրա հետ: Անց է կացվել երկարատեւ եւ հանգամանալից կարծիքների փոխանակում եւ համանախագահները տեղեկացրել են նրան առաջիկա միջոցառումների մասին: Այսպես, հունիսի սկզբին տեղի կունենա համանախագհների հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, ամսվա կեսերին` երկու արտգործնախարարներ եւ համանախագահներ ձեւաչափով: Իսկ հունիսի վերջում ՄԽ համանախագահները կկատարեն հերթական այցը Բաքու, Երեւան, Ստեփանակերտ: Բ.Ֆասյեի խոսքերով, աշխատանքի նման լարված ժամանակացուցյը կապված է «վարշավյան հանդիպման արդյունքների հետ»: Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտմանը, նա ասել է, թե հետեւողական խախտումները սպառնալիք են առաջացնում ղարաբաղյան խաղաղ գործընթացի համար: Դիվանագետը կոչ է արել կողմերին համատեղ ջանքերով պաշտպանել հրադադարի ռեժիմը: Պատասխանելով համանախագահների հասցեին հնչած մեղադրանքներին, թե իրենք են մեղավոր, որ 12 տարի է հակամարտությունը մնում է չկարգավորված, Բ.Ֆասյեն ասել է, որ պատճառը նրանում է, որ այդ ժամանակահատվածի ընթացքում իրենք կողմերը չեն ցանկացել կարգավորել հակամարտությունը եւ միայն այժմ են գիտակցում, որ եկել է խաղաղ գործընթացի ժամանակը: Լիովին անհիմն է նա անվանել նաեւ հայտարարություններն այն մասին, թե խաղաղ գործընթացը տապալվել է եւ մտել փակուղի: Իր կարծիքը արտահայտելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործման վերաբերյալ, Բ.Ֆասյեն դրական գնահատելով այն, ասել է թե նավթատարը շատ մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի համար: Նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների մեծ մասը կցանկանար բաց տեսնել հայ-թուրքական եւ ադրբեջանա-հայկական սահմանները, որի համար անհրաժեշտ է խնդրի վերջնական լուծում եւ համատարած խաղաղություն տարածաշրջանում:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---