Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո

PanARMENIAN.Net - «Ես ծանոթ եմ Ադրբեջանի դիմումին ԵԱՀԿ քարտուղարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից որոշ երկրներ հանելու մասին»,- հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը Բաքվի` ԵԱՀԿ ՄԽ-ն ցրելու փորձի մասին, իր համար նորություն էր, քանի որ Ադրբեջանի այդ քայլերի հաստատում չկա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեսպան Վիլայեթ Ղուլիեւի մեղադրանքներին համանախագահների «ոչ պիտանելիության» մասին, ապա ամերիկացի դիվանագետը ընդգծել է, որ Ղուլիեւը չի կարող այդ մասին դատել, քանի որ նա չի եղել բանակցային գործընթացի մասնակից: «Ես կարծում եմ, որ նա ծանոթ չէ բանակցային սեղանին դրված փաստաթղթի բոլոր մանրամասներին: Դա արդարացի եւ հավասարակշռված փոխզիջում է, որը իր մեջ ներառում է այն տարրերը, որոնց համար քվեարկել են ՄԱԿ ԳՎ-ում: Սակայն այնտեղ կան Հայաստանին վերաբերող տարրեր, որոնք ընդգրկված չեն բանաձեւի տեքստում»,- ասել է Բրայզան:



Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին` ամերիկացի դիվանագետը նշել է, որ տեղյակ չէ, երբ կհանդիպեն Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Դա կարող էր տեղի ունենալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում, սակայն այն անցնելու է ապրիլի 2-4, իսկ Սարգսյանի երդման արարողությունը նշանակված է ապրիլի 9-ին, այսինքն` Բուխարեստում Սարգսյանը դեռեւս նախագահ չէ: Նրանք կարող են եւ հետո հանդիպել»,- ասել է Մեթյու Բրայզան Armenian Reporter-ին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---