Ղարաբաղյան հակամարտություն. Ադրբեջանին խորհուրդ են տվել հաշտվել ստեղծված իրականության հետ

PanARMENIAN.Net - Օրերս Կոնրադ Ադենաուերի քաղաքական հիմնադրամի (ԿԱՀ) Բեռլինի գրասենյակում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները Ադրբեջանի տեսանկյունից» թեմայով ասուլիս: Հիմնական ելույթի համար հրավիրված էին Ադրբեջանի նախագահի ենթակայությամբ գործող ռազմավարական գիտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Նուրիեւը եւ գերմանական ռազմական ակադեմիային կից միջազգային անվտանգության ֆորումի անդամ Յոհաննես Ռաուն: Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աշխատակից Պետեր Հեֆելենի վարած խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը եւ Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը:



Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույցը ներկայացրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքների համատեքստում: Դրան ի պատասխան, անվտանգության հարցերով գերմանական միջազգային ինստիտուտի աշխատակից Ուվե Հալբախը եւ Եվրախորհրդում քրիստոնեա-ժողովրդավարական եւ քրիստոնեա-սոցիալական կուսակցությունների ներկայացուցիչ Ռայներ Դորնզայֆերը նշեցին, որ ըմբռնումով են մոտենում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն գտնում են, որ հակամարտության կարգավորումը պահանջում է հաշվի առնել նոր իրադարձություններն ու փաստերը: Ուվե Հալբախը ավելացրեց, որ տարածքային ամբողջականության պահանջը բացարձակ չէ եւ հաճախ ոչ գործնական է` բերելով Վրաստանի օրինակը: Իսկ Ռայներ Դորնզայֆերը խորհուրդ տվեց Ադրբեջանին դասեր քաղել Գերմանիայի անցյալից, որը, ըստ նրա, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստիպված եղավ հաշտվել ստեղծված իրականության հետ, ինչի շնորհիվ էլ հաջողվեց խաղաղություն եւ անվտանգություն ապահովել Եվրոպայում: Նա համոզմունք հայտնեց, որ տարածքային ամբողջականությունից հրաժարվելով` Ադրբեջանը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Հայաստանի հետ միասին Եվրախորհրդի կողմից լայն աջակցություն կստանա հակամարտության հետեւանքների վերացման գործում:



Գայանե Ափինյանն իր հերթին Նուրիեւի` ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծման սպառնալիքներին ի պատասխան հիշեցրեց, թե անցած պատերազմում ինչ զոհեր պահանջվեցին հակամարտող կոմերից եւ ինչպիսի անշահավետ պայմաններում Ղարաբաղի ժողովրդին հաջողվեց պաշտպանել իր բնական ազատության իրավունքը: «Այսօր, չնայած Ադրբեջանի խելահեղ սպառազինմանը, Լեռնային Ղարաբաղն իր պետականության բարձր կազմակերպվածության շնորհիվ անհամեմատ ավելի հզոր է եւ պատրաստ է պաշտպանել իր ազատությունը», - ասել է նա: Գայանե Ափինյանը Ադրբեջանի ներկայացուցիչներին խորհուրդ տվեց հրաժարվել ռեւանշիստական նկրտումներից եւ հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախ ապրելու իրավունքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---