«Երկիր» միությունը մտավախություն ունի, որ Վրաստանում առաջիկա ընտրությունները կհանգեցնեն իրավիճակի սրմանը Ջավախքում

PanARMENIAN.Net - «Երկիր» միությունը վախենում է, որ մայիսի 30-ին Վրաստանում նախանշված տեղական ինքնակառավարման ընտրությունները հերթական անգամ կհանգեցնեն Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում իրավիճակի սրմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին, Ջավախքում արդեն նկատվում են այն թեկնածուներին հետապնդելու փորձեր, որոնք հանդես են գալիս հայ բնակչության շահերի պաշտպանության օգտին և գործող իշխանության ներկայացուցիչների ընդդիմադիրներ են: «Մենք կասկածում ենք, որ այդ ընտրություններն արդար կլինեն, և հենց այդ պատճառով կոչ ենք անում ԵԱՀԿ-ին Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան ուղարկել դիտորդների, որոնք արդեն տեղում կարող են ծանոթանալ իրավիճակին»,- ասել է Սևակ Արծրունին: Նրա խոսքերով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարության բաղկացուցիչ մաս են և ընտրությունների միջոցով Ջավախքի հայերը կարող են բարձրացնել իրենց խնդիրները: «Չնայած նրան, որ այսօր Ջավախքի շատ ակտիվիստներ կալանքի տակ են, ամեն դեպքում, առաջիկա ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնք պայքարում են տարածաշրջանում հայերի իրավունքների պաշտպանության համար: Բայց կան ուժեր, որոնք ղեկավարվում են կենտրոնի կողմից և ոտնահարում են երկրի հայ փոքրամասնության իրավունքները»,- ասել է միության նախագահը:

Իր հերթին, «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը հաղորդեց, որ միությունը նամակներ է հղել ՀարավայինԿովկասում Եվրոպայի Խորհրդի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով կոմիսար Թոմաս Համերբերգին, որոնցում ներկայացրել է իրավիճակը Սամցխե-Ջավախեթում: «Սեմնեբիի գրասենյակից մեզ հայտնել են, որ ԵԽ հատուկ ներկայացուցիչն անպայման կշոշափի այս թեման, երբ այցելի Հարավային Կովկաս»,- ասել է Թաթոյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---