Արցախ են այցելել եվրոպացի պաշտոնյաները «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն»-ից

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանն ու Զոյա Լազարյանն ընդունեցին «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության գլխավոր քարտուղար Մաքսիմիլիանո Լակոտային եւ գլխավոր ադմինիստրատոր Էնրիկո Նեամիին:

Ներկայացնելով իր գլխավորած կազմակերպությունը, Մաքսիմիլիանո Լակոտան նշեց, որ այն համագործակցում է Եվրահանձնաժողովի և Եվրոմիության անդամ մի շարք երկրների կառավարությունների հետ: Լեռնային Ղարաբաղ իրենց այցը նա պայմանավորեց Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի ջանքերով և ավելացրեց, որ նախապատրաստվում է «Նորավանք» կենտրոնի հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, ինչը թույլ կտա համագործակցություն սկսել նաև ՀՀ կառավարության հետ:

ԼՂՀ խորհրդարանականներն ընդգծեցին, որ մարդու իրավունքների և ազատություների խնդիրը կապված չէ նրա կեցության տարածքի քաղաքական կարգավիճակի հետ: Այս առումով նրանք կարևորեցին «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության գլխավոր քարտուղարի ճանաչողական այցն Արցախ և հույս հայտնեցին, որ դրանով արդյունավետ համագործակցության սկիզբ կդրվի:

Պարոն Մաքսիմիլիանո Լակոտան համակարծիք էր այդ գնահատականին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԼՂՀ ԱԺ և «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության միջև կապերի ստեղծմանն ու հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---