Հիմնադրվեց Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան

Հիմնադրվեց Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադրմանը:

Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա անդրադարձավ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, Հայաստանում բիզնես անելու գրավչության և ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներին, հայ համայնքի կարևոր դերին երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Դեսպանը համոզմումք հայտնեց, որ նորաստեղծ կառույցը` շնորհիվ ասոցիացիայի նախագահ, գործարար Պիեռ Ֆատուշի և հիմնադիր անդամների նվիրվածության և ջանքերի, մեծապես կնպաստի հայ-լիբանանյան հարաբերությունների ակտիվացմանը հատկապես` առևտրատնտեսական, զբոսաշրջության, ներդրումների խրախուսման ուղղություններով: Նա կարևորեց այն հանգամանքը, որ նորաստեղծ ասոցիացիայի անդամներն են ոչ միայն լիբանանահայ գործարարները, այլև Հայաստանում իրենց գործունեությունը ծավալած «Բիբլոս» և «Քրեդիտ» բանկերի պաշտոնյաներն ու անհատ ձեռներեցները: Հույս հայտնվեց նաև, որ Լիբանանում ստեղծված երկու կառույցները` Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան և Հայ գործարարների միությունը, հետագայում սերտ համագործակցություն կծավալեն հանուն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հաջող իրականացմանը:

Այնուհետև ելույթ ունեցավ Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատի նախագահ, նաև ասոցիացիայի հիմնադիր անդամ Մոհամմեդ Շքեյրը: Նա ողջունեց ասոցիացիայի ստեղծումը, նշեց հայ համայնքի կարևոր դերը Լիբանանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, հավաստիացրեց, որ առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատը պատրաստ է աջակցելու ասոցիացիային բոլոր հարցերում:

Ասոցիացիայի նախագահ Պիեռ Ֆատտուշն իր խոսքում բարձր գնահատեց Հայաստանի և Լիբանանի ավանդական ջերմ հարաբերությունները, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի աշխատասիրությունն ու նվիրվածությունը, իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանում ՀՀ դեսպանությանը սերտ համագործակցության և աջակցության համար: Նա համոզմումք հայտնեց, որ Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի գործունեությունը կարդարացնի սպասելիքները և կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում:

Միջոցառմանը ներկա էին նախարարներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, պաշտոնյաներ Լիբանանի կառավարությունից, ԱԳՆ-ից, քաղաքական կուսակցությունների և հայ համայնքի տարբեր ազգային կառույցների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հյուրեր Զահլեից և հայաբնակ Անճարից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---