ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությունը կշարունակվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած «Հայ-թուրքական սահմանի բացման հարցերը» թեմայով համաժողովում: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «ընդհանուր առմամբ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն օգտակար կլինի Հայաստանի համար եւ բխում է նրա շահերից»: «Այդ պատճառով մենք փոխձում ենք երկխոսության ճանապարհով հասնել հարաբերությունների նորմալացման: Մեր հիմնական խնդիրն է դրական առաջընթաց արձանագրել երկկողմ հարաբերություններում, ըստ որում հիմնական շեշտը դրված է սահմանների բացման վրա»,- նշել է Վ. Օսկանյանը: Միաժամանակ, նա նշել է, որ Երեւանում իրատեսորեն են մոտենում իրավիճակին եւ հասկանում, որ հարաբերությունների նորմալացումը հնարավոր չէ անմիջապես: «Միակ խոչընդոտն այդ ճանապարհին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի պայմանն է` չնայած հարկ է նշել, որ վերջին ժամանակներս Թուրքիան դադարել է խստորեն կապել այն սահմանների բացման հետ, ինչպես դա արվում էր ավելի վաղ: Սակայն, այդ հարցը օրակարգից հանված չէ»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Նախարարը նաեւ ընդգծել է, որ ներկայումս պաշտոնական Երեւանի օրակարգում դրված չէ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---