Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի

Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սահմանազատումը ՀՀ իշխանության համար ինքնանպատակ չէ և արվում է բացառապես անվտանգության համար։ Նա հավելել է, որ Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են և պետք է ամեն ինչ անել դրանք շատացնելու համար։

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ–ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է։ Այս փուլում մեր նպատակն է ոչ թե վերլուծություն անել` պատերազմ ու հարձակում կլինի, թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի, որ պատերազմ սկսվելու հիմքը բացառվի»,– ասել է նա։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջին՝ Փաշինյանն ասել է, որ «եթե պրոցեսը կասեցվի, պատերազմ կլինի», հայտնում է Aysor.am-ը։

«Ենթադրենք, էսպիսի մի իրավիճակ. ես ասում եմ՝ շատ լավ, հարգելի՛ լրագրողներ, Վեհափառ Հայրապետ, վաղ առավոտից կկասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո։ Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։ Իսկ ի՞նչ նպատակ է ունենալու պատերազմը։ Ես հավատացած եմ, որ այս պրոցեսին արձագանքողների նպատակը հենց դա է, ի սկզբանե դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղում տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը։ Այն ուժերը, ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, բանկանաբար, արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար։ Սակայն, շատ կարևոր է, թե այդ փոփոխությունների արդյունքում ինչ է տեղի ունենալու»,–ասել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---