Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա

Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ իշխանափոխությունից հետո վարչապետի թեկնածուի պաշտոնում իրեն առաջադրելու պաշտոնական որոշում չկա։

«Նման որոշում պաշտոնական չկա։ Այստեղ ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները ցանկություն և համախոհություն են հայտնել այս ամբողջ շարժմանն ու գաղափարին, ինչպես նաև համագործակցության մեծ դաշտ գոյացնելու»,- նշել է սրբազանը, գրում է Sputnik Արմենիան։

Հարցին, թե երբ հստակ որոշում կլինի վարչապետի թեկնածուի առումով, նա ընդգծել է, որ նախ պետք է Վեհափառ հայրապետի հետ խոսի այդ հարցի շուրջ՝ հասկանալու՝ ի վերջո այդպես է պետք գնալ, թե այլ ճանապարհով։

«Ես սեփական ջանքերով առաջադրվելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ մղում։ Ժողովուրդը պետք է առաջադրի, հաստատի։ Մեր քաղաքական դաշտի գործողներն իրենց մտքերը հայտնել են այդ մասով։ Նույն սեղանի շուրջ այնպիսի մարդիկ են նստել այսօր, որ այլ պայմաններում չեմ կարծում, թե կբարևեին իրար»,- ասել է սրբազանը։

Բագրատ արքեպիսկոպոսը նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 18–ին հանդիպել է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը, մասնավորապես, ներկա են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետական» կուսակցությունների, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչներ, ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։ Հանդիպումներ եղել են նաև մինչ այդ։

Մայիսի 17–ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասել էր, որ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---