Գավաթի եզրափակչից առաջ խաբեցի տղաներին, թե լավ երազ եմ տեսել

Նիկոլայ Ղազարյան.

Գավաթի եզրափակչից առաջ խաբեցի տղաներին, թե լավ երազ եմ տեսել

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը մեծ ուրախությամբ, սիրով ու ոգևորությամբ զրուցել է «Արարատ-73»-ի բոլոր ֆուտբոլիստների հետ: Այդ անմիջական մարդիկ այնքան մեծ ոգևորությամբ ու կենդանի ներկայացրին իրենց կերտած պատմությունը, որ անկախ մեզանից` մենք էլ 40 տարի հետ գնացինք ու հայտնվեցինք 1973 թվականում: Սիրելի ընթերցողներ, դուք էլ մեզ հետ միասին եկեք նստենք ժամանակի մեքենան և պատկերացրեք, որ հիմա ամենևին էլ 2013-ը չէ, այլ 1973-ը: Իսկ մեր առաջին զրուցակիցը «Արարատի» ձախ հարձակվող, անսահման արագ, ամենահաս կամ, պարզապես, թիմի կատակասեր, ուրախություն և բարձր տրամադրություն ապահովող Նիկոլայ Ղազարյանն է:

Մի խաղում երկու գոլ էի խփել, բայց քանի որ երրորդը չէի խփել, մարզիչն ինձ երկուս նշանակեց.

Երբ դեռ փոքր էի ու ֆուտբոլ խաղում էի մեր բակի երեխաների հետ, այնքան արագ էի նրանցից, որ գոլ խփում էի հենց իմ արագության հաշվին: Հետո արդեն գնացի ֆուտբոլի դպրոց, ավելի կատարելագործվեցի որպես ֆուտբոլիստ:

Ես «Արարատի» գլխավոր թիմ եկա 1965 թվականին: Մարզիչն այն ժամանակ Արտյոմ Ֆալյանն էր, որը շատ խիստ, բայց լավ մասնագետ էր: Մի անգամ Օդեսա էինք գնացել «Չերնոմորեցի» հետ խաղալու: Ես երկու գոլի հեղինակ դարձա: Խաղի վերջում մեն-մենակ դուրս եկա դարպասապահի հետ, բայց սայթաքեցի ու չկարողացա գոլ խփել: Արդյունքում մենք հաղթեցինք 2:0 հաշվով:

Ամեն հաղթանակած խաղի համար գումար էինք ստանում` մոտ 80 ռուբլի: Հիմա այս հանդիպումից հետո եկանք Երևան, թիմի բոլոր տղաներն ստացան գումար, իսկ ես չէ: Ֆալյանը կանչեց մոտն ու ասաց, որ երկուս եմ ստացել, դրա համար էլ փող չեմ ստանա:

Նա ասաց, որ երրորդ գոլը չեմ խփել ու դրա համար էլ այդպիսի ցածր գնահատական եմ ստացել: Ու ես սովորեցի, որ պետք է ամեն մի գոլային պահ օգտագործել, մինչև վերջ պայքարել ու ձգտել հասնել հաջողության:

Երբեք չենք գիտակցել, որ պատմություն ենք կերտում, ուղղակի մեզանից յուրաքանչյուրը շատ է սիրում ֆուտբոլ խաղալ.

Ողջ Սովետական Միության մեջ մենք միակ թիմն ենք, որ երեք հարձակվողով ենք ելույթ ունենում այս խաղաշրջանում: «Արարատը» միշտ հարձակվում է, կապ չունի տանն ենք խաղում, թե` դրսում:

Երբեք չենք գիտակցել, որ պատմություն ենք կերտում: Ուղղակի մեզանից յուրաքանչյուրը շատ է սիրում խաղալ ու հաղթել: Շատ են դեպքեր եղել, երբ մեր տղաներին եվրոպական թիմեր են հրավիրել, բայց ոչ մեկիս մտքով անգամ չի էլ անցել, որ գնա «Արարատից»: Ցանկություն չունեինք լքել Հայաստանը: Հայրենասիրության զգացումը շատ մեծ է բոլոր տղաների մոտ:

Մենք բոլորս իրար օգնում ենք, մեկս մյուսին երբեք չենք «նեղել»: Եթե տղաներից ինչ- որ մեկի մոտ մի բան չի ստացվում, հույս ենք տալիս ու օգնում: Թիմում մեկը բոլորի ու բոլորը մեկի համար ենք խաղում:

Եզրափակչից առաջ տղաներին խաբեցի, թե լավ երազ եմ տեսել.

Ես գրեթե միշտ խաղից առաջ երազներ եմ տեսնում, ու տղաները հետաքրքրվում են, թե այսօր ինչ է լինելու:

Այնպես ստացվեց, որ Կիևի «Դինամոյի» հետ Գավաթի եզրափակիչ խաղից առաջ երազ չտեսա: Երբ տղաներն առավոտյան հարցրին երազի մասին, ստեցի, ասելով. «Երեք հատ սպիտակ աղավնի եմ տեսել: Դե, աղավնին էլ, սպիտակն էլ լավ նշան են, ինձ թվում է, որ կհաղթենք»: Խաղից հետո միայն իմացան, որ իրականում երազ չեմ տեսել:

Իսկ խաղի ժամանակ ես պահեստային էի: Երկրորդ խաղակեսն էր արդեն, ու մենք պարտվում էինք 0:1 հաշվով: Ես էլ շատ էի ուզում դաշտ դուրս գալ, ախր զգում էի, որ պատրաստ եմ օգնել թիմին: Մեր մարզիչներ Հարությունն Քեհեյանն ու Օնիկ Աբրահամյանը Նիկիտա Սիմոնյանին ասացին, որ փոխարինում անեն, սակայն նա մերժում էր:

Մոտ 20 րոպե էր մնում խաղի ավարտին, երբ Սիմոնյանը կանչեց ինձ ու Սերգեյ Պողոսյանին ու ասաց. «Մտեք դաշտ ու կռվեք»:

Խաղն արդեն ավարտվում էր, ես էլ մտածում էի, որ միայն հրաշքը մեզ կարող է օգնել: Մեկ էլ նայեցի լուսատախտակին ու տեսա, որ վերջին րոպեն է: Սկսեցի մտածել, միգուցե կարողանանք գոլ խփել ու հաղթել: Հանկարծ տուգանայինից Ալեքսանդր Կովալենկոն գնդակը «կախեց», և Արկադի Անդրեասյանը օդային պայքարում հաղթեց: «Դինամոյի» ֆուտբոլիստը դանդաղ գլորեց գնդակը դարպասապահին` չտեսնելով, որ ես հետևից հասնում եմ: Արագ պոկվեցի, հասա գնդակին ու ոտքի ծայրով մի կերպ փոխանցեցի Լևոն Իշտոյանին, որն ինձ զուգահեռ գալիս էր: Նա էլ բաց դարպասին գոլ խփեց: Զգացինք, որ արդեն պետք է հաղթենք ու այդպես էլ եղավ:

Ֆուտբոլի վարչության պետը պատվոգրերի վրա արդեն գրել էր «ԽՍՀՄ- 1973 գավաթակիր` Կիևի «Դինամո».

Ֆուտբոլի վարչության պետ Զենչինկոն նախօրոք պատվոգրերի վրա արդեն գրել էր «ԽՍՀՄ 1973 գավաթակիր` Կիևի «Դինամո» և արդեն պատրաստվում էին «Դինամոյին» պարգևատրել: Կիևի թիմը նույնիսկ հատուկ նշաններ էր պատվիրել, որոնց վրա գրված էին «Դինամո, ԽՍՀՄ գավաթակիր-1973»: Ես ունեմ այդ նշանից մի օրինակ:

Բայց մեր Իշտոյանն, իրոք, հերոս էր այդ օրը: Աննկարագրելի են այն զգացողությունները, որոնք ունեցել ենք:

Հաղթելուց հետո գնացինք մեր հյուրանոց, սեղանները գցած մեզ էին սպասում: Սիմոնյանն ասաց, այսօր կարող ենք մի 100 գրամ խմել: Բայց ոչ մեկս չխմեցինք, չթուլացանք, քանի որ առաջնությունում կարևոր խաղեր էին սպսվում:

Մենք այդ հաղթանակը ժողովրդի հետ ենք տարել, նրանք մեզ շատ են օգնել.

Հայաստանում օդանավակայանից մինչև Երևան ճանապարհին մարդիկ սեղաններ էին գցել: Այնքան ուրախ էին բոլորը, այնքան ամեն ինչ լավ էր: Հեքիաթային, անմոռանալի ու պատմական օր էր:

Մենք այդ հաղթանակը ժողովրդի հետ ենք տարել, նրանք մեզ շատ են օգնել:

Բոլորն են ճանաչում մեզ ու սա նաև պարտավորեցնում է: Մի դեպք պատմեմ, Չեխոսլովակիայից հյուրեր ունեի: Նստեցինք տաքսի, վարորդն անընդհատ խոսում է, հարցեր տալիս: Վերջում էլ, թե ամոթ չէ, փող վերցնեմ ձեզանից, ու իջանք: Հյուրերս զարմացել էին, թե ինչպես են մեզ ընդունում:

Մենք շատ ենք հարգում ու ընդունում Սիմոնյանին, նա մեզ սովորեցրեց դիմանալ ու գործել բոլոր գծերով.

«Արարատը» շատ համախմբված ու թիմային խաղ ցուցադրեց այս մրցաշրջանում: Խաղադաշտից դուրս մտերիմ ենք իրար հետ ու հաճախ ենք հանդիպում միմյանց:

Եթե անկեղծ լինեմ, ապա 1971-ին մենք շատ սիրուն ու լավ էինք խաղում: Բայց հաջողության հասնելու համար տեխնիկան քիչ է, ֆիզիկապես շատ թույլ էինք մենք: Նիկիտա Սիմոնյանը շատ մեծ փորձ ունի, միանգամից ճիշտ պատկերացրեց թիմն ու ասաց, որ մեծ ծանրաբեռնվածությամբ պետք է մարզվենք, որ դիմանանք:

«Եթե ուզում ենք հասնել մեծ նպատակների, ուրեմն պետք է առանց բողոքելու մարզվենք»,- առաջին իսկ օրն ասաց մեզ:

Մենք էլ համաձայնվեցինք չբողոքել, որովհետև ուզում էինք հաղթել: Գիտեք, մեզնից յուրաքանչյուրը շատ է հարգում ու ընդունում Սիմոնյանին, դրա համար էլ լսում ենք մարզչի ամեն մի ասածը: Օրինակ, երբ Սիմոնյանն ասում է, որ պետք է թռչել 10 անգամ, մենք թռչում ենք 12 անգամ:

Նա մեզ սովորեցրեց դիմանալ մեծ ծանրաբեռնվածությանն ու գործել բոլոր գծերով:

Ինչպիսին կլինեմ ես 40 տարի ա՞նց: Դա լինում է 2013 թվակա՞նը: Այ, չգիտեմ, կրկին կլինեմ իմ ընկերների հետ ու ավելի երիտասարդացած:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News