Բջջ․համարների տեղափոխելիության ծառայությունը գործարկվեց․ Օպերատորին կարելի է փոխել անվճար

Բջջ․համարների տեղափոխելիության ծառայությունը գործարկվեց․ Օպերատորին կարելի է փոխել անվճար

PanARMENIAN.Net - Այսօրվանից՝ ապրիլի 1-ից, Հայաստանում գործարկվել է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը (MNP), որի միջոցով բջջային բաժանորդներն անվճար կարող են փոխել շարժական կապի իրենց օպերատորներին՝ պահպանելով հեռախոսահամարը։

Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (MNP) ներդրման սկզբունքներն ու ժամանակացույցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել էր դեռևս 2012-ի դեկտեմբերի 14-ի նիստում, համապատասխան որոշումն ընդունել 2013-ի հուլիսի 17-ին։

Հանձնաժողովի որոշմամբ, համարների տեղափոխելիության ծառայությունը կարգավորվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով։

Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացը տևում է առավելագույնը 3 աշխատանքային օր, բայց, ըստ ՀԾԿՀ-ի, դեպքերի 95%-ում օպերատորին հնարավոր է փոխել արդեն 1 օրվա ընթացքում։

Բջջային օպերատորին փոխելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել նախընտրելի օպերատորին, տվյալ ծառայությունից կարելի է օգտվել տարին երկու անգամ։ Նման սահմանափակումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով՝ ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, բաժանորդներ կան, որոնք անընդհատ մեկ օպերատորից մյուսն են տեղափոխվում, ինչը ծանրաբեռնում է հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազան։

Գնահատելով վերջերս MNP ներդրած երկրների փորձը, մասնագետներն ասում են՝ բաժանորդների հոսունությունը չի գերազանցում ընդհանուր բազայի 1,5%-ը, գրում է «Սիվիլնեթ»-ը։ ԱՊՀ այն երկրներում, որտեղ վերջերս է ներդրվել այս համակարգը, բաժանորդների հոսունությունը մեկ օպերատորից մյուսին չի գերազանցել ընդհանուր բազայի 1%-ը։ Իսկ հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված միանգամից մի քանի օպերատորի բաժանորդ է, ծառայությունից օգտվողների թիվը կարող է էլ ավելի փոքր լինել։

ՀԾԿՀ-ն կանոնակարգել է նաև հանրային շարժական կապի հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ծառայությունը՝ օպերատորներն այսուհետ պարտավոր են ապակոդավորել բաժանորդներին վաճառված սարքավորումները։ Եթե բաժանորդին վաճառվել է որոշակի ժամկետով և պայմաններով կոդավորված սարք, ապա ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է բաժանորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում, նույնպես առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այն սարքավորումները, որոնց ապակոդավորումն արտադրողի կողմից այդ ժամկետում հնարավոր չէ իրականացնել, օպերատորի կողմից պետք է ապահովվի առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Օպերատորները պետք է ապակոդավորեն նաև իրենց մոտ վաճառվող սարքավորումները։

Բջջային տեղափոխված հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազան կապահովի երեք օպերատորների կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպությունը։

Ի դեպ, եթե ներկայումս օպերատորներից մեկի հետվճարային բաժանորդն եք, ապա դրան փոխելուց առաջ նախ պիտի մարեք կուտակված պարտքը, իսկ եթե կանխավճարային բաժանորդ եք, ապա պիտի սպառեք ձեր հաշվին մնացած գումարը, հակառակ դեպքում կկորցնեք այն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---