ՀԱԿ. Հ1-ը գրաքննել է ԱԺ նիստը

ՀԱԿ. Հ1-ը գրաքննել է  ԱԺ նիստը

PanARMENIAN.Net - ԱԺ 2012թ. սեպտեմբերի 12-ի լիագումար նիստի՝ պատգամավորական հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարան» հաղորդամամբ եթեր հեռարձակվեցին ոչ ամբողջությամբ, էական կրճատումներով: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը:

Խմբակցությունից հայտնում են, որ հաղորդումից դուրս են մնացել գործող իշխանությունների եւ կառավարության համար առավել տհաճ, սուր հարցադրումներ պարունակող դրվագները: Այսպիսով տեղի է ունեցել «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերի բացահայտ խախտում: ԱԺ կանոնակարգի նշված դրույթները ԱԺ հայտարարություններն ու հարցուպատասխանը ամբողջությամբ ցուցադրելու իմպերատիվ պահանջ են պարունակում:

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը տեղի ունեցածը գնահատում է որպես ընդդիմությանն ու լայն հանրությանը տեղեկատվական շրջափակման մեջ պահելուն ուղղված քաղաքականության հերթական աղաղակող դրսեւորում: Չխորշելով օրենքի կոպտագույն խախտումներից, իշխանություններն անում են ամեն ինչ, որ հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն չստանա Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում տեղ գտած կարեւորագույն իրադարձությունների մասին:

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը ԱԺ գործող ղեկավարությունից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել 2012թ. սեպտեմբերի 12-ի խորհրդարանական հայտարարություններն ու կառավարության հետ հարցուպատասխանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի պահանջներին համապատասխան ամբողջությամբ համահանրապետական հեռուստատեսային եթեր հեռարձակելու, եւ հետագա հայտարարությունների եւ հարցուպատասխանների բնականոն եւ ամբողջական հեռարձակումը հեռուստաեթերում ապահովելու համար», -ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---