ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԱԿԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը կրկին ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ: «Ռեգնում» գործակալության հաղորդագրության համաձայն, հանդես գալով Ժնեւում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 61-րդ նստաշրջանում` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, մասնավորապես, հայերի ինքնորոշման իրավունքին: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ «ճակատագրի բացթողում կարելի է համարել այն փաստը, որ հասարակությունը սովորում է աջակցել ընտանիքում բռնության զոհ դարձած մարդկանց, սակայն, միեւնույն ժամանակ, չի հասել նրան, որ նման աջակցություն ցուցաբերի միջազգային բռնության եւ առանձին կառավարությունների բռնության զոհերին»: «Լավագույն դեպքում, աշխարհը լուռ հետեւում է, մինչեւ որ զոհերը փորձում են պաշտպանել իրենք իրենց, եւ եթե հանկարծ, անկախ ամեն բանից, նրանց դա հաջողվում է, աշխարհը մինագամից նահանջում է, հիշելով ինքնիշխանության եւ պետությունների ամբողջականության մասին: Ինչպես ընտանիքում բռնություն գործածն է զրկվում խնամակալ լինելու բարոյական իրավունքից, այնպես էլ` կառավարությունը, որը իրականացնում է կամ խրախուսում է բռնությունը իր իսկ քաղաքացիների դեմ , կորցնում է համապատասխան իրավունքները: Նման հանգամանքներում ինքնորոշման իրավունքը եւ հասկացությունը էական է եւ օրինական»,-ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Ամփոփելով իր մտքերը` նախարարը նշել է, որ «մեզ համար մարդու իրավունքների պաշտպանությունը վերացական սկզբունք չէ: Դա գոյատեւելու եւ ոչնչացված լինելու տարբերությունն է: Մենք համոզված ենք, որ այդպես է աշխարհում շատերի համար»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---