Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել

Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ,  60 ծրագիր է արվել

PanARMENIAN.Net - 2023–ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կենտրոնական հաշիվներին փոխանցված գումարները և նյութական նվիրատվությունները կազմել են 7 միլիարդ դրամ։ Այդ մասին համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասել է կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Նույն տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 4․7 միլիարդ դրամ կամ 12 միլիոն դոլար արժողությամբ մոտ 60 խոշոր և փոքր ծրագիր»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ 2023 թվականի ընթացքում համապարփակ ֆինանսական արդյունքը դրական է արձանագրվել՝ կազմելով ընդհանուր 652 միլիոն 140 հազար դրամ՝ ի տարբերություն 2022 թվականի բացասական արդյունքի, այն է -864 միլիոն 977 հազար դրամ, ինչը պայմանավորված էր այդ տարում արտաժույթում արձանագրված կտրուկ տատանումներով։

Արշամյանի խոսքով՝ հաշվետու տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը բազմաբնույթ են, մեծամասամբ տեղակայված մարզերում և հատկապես սահմանային համայնքներում։

«Ոլորտները բազմաթիվ են՝ հրատապ հումանիտար ծրագրեր, որոնք ուղղված էին Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ապա նաև բռնի տեղահանվածներին: Երկու նոր բազմաբնակարան շենք՝ Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6 առանձնատուն՝ Ներքին Խնձորեսկում: Վերականգնվող էներգիայի բազմաթիվ ծրագրեր, արևային ֆոտովոլտային կայաններ սահմանային համայնքներում, բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարման ծրագրեր: Կրթական ծրագրեր՝ երկու մանկապարտեզի կառուցում և ևս մեկի բարեկարգում, երաժշտական դպրոցի կառուցում: Առողջապահական ծրագրեր՝ երկու հիվանդանոցի և մեկ ամբուլատորիայի կառուցում: Սոցիալական կարևոր նախագծեր՝ ուղղված տարբեր թիրախային խմբերին և տարիքներին, նպատակային ծրագրեր՝ ուղղված մշակույթին և հատկապես արվեստներին: Լիբանանի և Սիրիայի հայկական հաստատություններին աջակցություն և այլն»,-թվարկել է Արշամյանը։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---