Լատվիայի ԱԳՆ-ին մտահոգել է սաֆարովյան գործարքը

Լատվիայի ԱԳՆ-ին մտահոգել է սաֆարովյան  գործարքը

PanARMENIAN.Net - Առկա փխրուն իրավիճակում սաֆարովյան գործարքը և այդօրինակ քայլերը չեն նպաստում երկխոսությանը երկրների միջև: Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Նա ևս մեկ անգամ նշեց, որ Լատվիան, ինչպես և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները, իր խոր մտահոգությունն է արտահայտել ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ: «Երբ այդ միջադեպը տեղի ունեցավ մենք Վիլնյուսում Սկանդինավյան և Բալթյան երկրների ժողով անցկացրեցինք, և այդ կապակցությամբ հայտարարություն արվեց»,- ասաց Լատվիայի նախարարը: Ըստ Էդգարս Ռինկևիչսի՝ երբ հերթը հասնում է արտաքին քաղաքականության համակարգմանը, իրենք սերտորեն համագործակցում ենք սկանդինավյան և բալթյան, ինչպես նաև եվրոպական գործընկերների հետ: «Դա մի հարց է, որը լուրջ ենք ընդունում»,- ասաց նա:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---