ICG. ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ՄԻԱՅՆ 12-15 ՏԱՐԻ ԱՆՑ

PanARMENIAN.Net - Ճգնժամերի կանխարգելման միջազգային խումբը (ՃԿՄԽ) զեկույց է նախապատրաստել, որտեղ առաջարկներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՃԿՄԽ փոխնախագահ Ալեն Դելեթրոզը: Նրա խոսքերով, իր զեկույցում Խումբը չի անդրադարձել պատմությանը, այլ ուշադիր զննել է կողմերի դիրքորոշումները: Նա նաեւ նշել է, որ պատմությունը վիճահարույց հարց է եւ չի կարող օգնել հակամարտության կարգավորմանը, քանի որ այստեղ կան ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հարցեր: Զեկույցում Հայաստանի համար նախատեսված առաջարկներից մեկը «զորքերի դուրս բերումն է գրավյալ տարածքներից, երկկողմ հարաբերությունների հաստատումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ 12-15 տարվա ընթացքում կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ այդ ամենը պետք է ընթանա ժողովրդավարական ճանապարհով»: Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված այդ ժամկետը, նա նշել է, որ հենց այդ ժամանակահատվածում հնարավոր կլինի անհրաժեշտ պայմանների ստեղծումը հետագայում Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար.«Նախ պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կրկին սովորեն միասին ապրել»: Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե հաջորդ տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար կլինի Հայաստանի պետական բյուջեին` Ա.Դելեթրոզը հայտարարել է, որ սպառազինությունների մրցավազքը շատ վտանգավոր է, եւ ինքը սխալ է համարում նման դիրքորոշումը: «Անիմաստ է զորքերը դուրս բերելը, եթե Ադրբեջանի դիրքորոշումն այդպիսին է, քանի որ դա կարող է հանգեցնել զինված բախման»,-նշել է նա: Իր հերթին Ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին խորհուրդ է տրվել «դադարեցնել տարածքների բնակեցումը, մասնավորապես, Լաչինի, Քելբաջարի եւ Աղդամի»` նշելով, որ տվյալ տարածքներում զանգվածային բնակեցում չի գրանցվել: Ս.Ֆրեյզերը տեղեկացրել է նաեւ, որ զեկույցի վրա Խումբը աշխատել է վերջին 9 ամիսների ընթացքում, ընդ որում 7 հոգի մշտապես աշխատել են տարածաշրջանում, հարցումներ են անցկացրել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի բնակչության շրջանում: Ըստ Ֆրեյզերի, այդ զեկույցը կօգնի ավելի լավ տեղեկացնել ոչ միայն հակամարտող կողմերի բնակչությանը, այլ նաեւ համաշխարհային հանրությանը: Ճգնաժամերի կանխարգելման Միջազգային խումբը նախապատրաստել է 3 նման զեկույց` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար: Զեկույցը կներկայցվի սեպտեմբերի 14-ին:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---