Տ.ՀԱԼՈՆԵՆ. ԵՄ-Ն ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կարեւոր պահ է խաղաղության հասնելը կարճ ժամանակում, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը: Իհարկե, կողմերից յուրաքանչյուրն ունի իր նկրտումները: Այնուամենայնիվ պետք է հասնել փոխզիջման, որը կհամապատասխանի Եվրամիության պահանջներին, նրա չափանիշների շրջանակներում: Մենք հավանություն ենք տալիս ԵԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցություններին: Որպես պետություն, որը շուտով կդառնա ԵՄ նախագահը, մենք կանենք ամեն ինչ խաղաղ բանակցությունների գործընթացը շարունակելու համար, կաշխատենք, որ ապահովվի Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը: Եվ ես, եւ ձեր քաղաքական գործիչները հավատում ենք, որ «Նոր հարեւանության քաղաքականությունը» արդյունավետ կլինի Հարավային Կովկասի երկրների համար: Նրանց է պատկանում կարեւոր դերը»,-նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: Նա հայտարարել է, թե նախկինում եւս եղել է տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակության հետ եւ տեղեկացված է ղարաբաղյան հակամարտության մասին: «Իմ կարծիքով, խաղաղ գործընթացից կօգտվեն բոլոր կողմերը: Եվրամիությունը շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Մենք հավանություն ենք տալիս Ադրբեջանի համագործակցությանը եւ ԵԱՀԿ, եւ Եվրամիության հետ»: Ըստ Տ.Հալոնենի, ԵՄ-ն ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար.«Նոր հարեւանության քաղաքականություն» ծրագիրը շատ կարեւոր է Ադրբեջանի համար: Սակայն այդ քաղաքականությունը նշանակություն ունի նաեւ ԵՄ-ի համար, որը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւանների հետ: Դաուք պատկանում եք այդ հարեւանների թվին: Ես ողջունում եմ ձեր մուտքը ԵՄ հարեւանության քաղաքականության մեջ եւ հուսով եմ, որ բանակցություններն այդ ուղղությամբ կսկսվեն որքան կարելի է շուտ»: Ֆինլանդիայի նախագահը ասել է, թե ժողովրդավարությունը Հարավային Կովկասում զարգանում է, սակայն այդ ուղղությամբ դեռեւս շատ բան կա անելու: «Ժողովրդավարությունը դա գործընթաց է: Որոշ երկրներում այդ ճանապարհը անցնում են կարճ ժամանակում, մյուսները` ավելի երկար: Ես ողջունում եմ Ադրբեջանի անդամակցումը Եվրոպայի Խորհրդին: Երեւում է, որ ձեր երկիրը ջանում է կատարել ստանձնած պարտավորությունները: Կարծում եմ, շատ բան է արվել, ինչն էլ արտացոլված է ԵԽ փաստաթղթերում»: Խոսելով նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին` Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ մեծ հույսեր է կապում առաջիկա ընտրությունների հետ: «Հուսով եմ, որ եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը կգործեն ԵԽ սահմանած չափանիշների շրջանակներում: Սպասենք նոյեմբերին: Մինչ այդ ես կոչ կանեմ երկրի նախագահին եւ կառավարությանը ժողովրդավարությունը երաշխավորող ընտրություններ անցկացնել: Ադրբեջանի ժողովրդավարական զարգացումը զգալիորեն կախված է նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից: Պարզ է, որ ընդդիմադիր կուսակցությունները երբեք չեն ունենում այն դիրքորոշումը, ինչ կառավարությունը»:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---